Ընտանիքների անապահովության գնահատման համակարգ գոյություն ունի: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով որոշ նպաստառուների՝ նպաստից զրկվելուն:
«Ընտանիքի անապահովությունը հաշվարկվում է տարբեր բնութագրիչներով, և այդ բնութագրիչներից մեկը ընտանիքի անդամների վարձատրությունից ստացած եկամուտներն են, կամ եթե կա՝ պարբերական վճարներ: Երբ ընտանիքի եկամուտներում փոփոխություն է տեղի ունենում, դա իր հետ բերում է նպաստի իրավունքի ձեռքբերման կամ կորցնելուն: Գոյություն ունի կենտրոնական տեղեկատվական բազա, երբ ընտանիքի եկամուտներում փոփոխություն է տեղի ունենում, դա ինքնաշխատ տարբերակով է լինում, և ովքեր գտնվել են սահմանային միավորի միջակայքում, նրանց վրա այդ ազդեցությունը եղել է»,- պարզաբանեց նախարարը:
Մկրտչյանը տեղեկացրեց, որ մշակվում է անապահովության մոտեցման նոր համակարգ:
Նախարարի խոսքով՝ անապահով թոշակառուների ինչ-որ խմբի համար, որոնք կենսաթոշակների բաձրացման համատեքստում դուրս են եկել այդ անապահովության համակարգից, ներկայումս լուծման մի քանի տարբերակ է քննարկվում, և խնդրի լուծման նպատակով կփորձեն կոնսենսուս ձևավորել: