ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԱԴԱՐԵԼ ԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԱԼԻԵՎԻՆ ԲԱՔՈՒ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ
2022 թ. փետրվարին Եվրոպական խորհրդարանի անդամներ Էնգին Էրօղլուն և Ֆրանկ Բոգովիչը կողմ են քվեարկել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և պատմական ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձևին։ Սակայն Ադրբեջան այցելելուց հետո նրանց կողմից քննադատությանը փոխարինելու եկավ բռնապետության գովեստը՝ գրում է Blankspot լրագրողական հարթակը։
«Սեպտեմբերի վերջին խորհրդարանականների այցի համար վճարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Ըստ օրենքի՝ արգելվում է 150 եվրոյից ավելի արժողությամբ նվերներ ընդունել, կամ էլ հարկավոր է հայտարարագրել այդ նվերները: Ո՛չ Բոգովիչը, ո՛չ Էրօղլուն չեն տեղեկացրել ո՛չ ուղևորության, ոչ էլ 150 եվրոյից ավելի արժողությամբ նվերներ ստանալու մասին»,- ասված է հոդվածում։
Հատկանշական է, որ Բաքվում պատգամավորները հանգրվանել են Marriott հյուրանոցում, ինչի համար վճարել են Ադրբեջանի իշխանությունները։ Հյուրանոցը պատկանում է Ալիևի Pasha Holding Group ընկերությանը։
Այցելությունից հետո Ֆրանկ Բոգովիչն իր բլոգում դրական գրառում է կատարել Ադրբեջանի նախաձեռնությունների մասին։ Էնգին Էրօղլուն էլ Facebook-ի էջում գրել է, թե Ադրբեջանը լավ գործընկեր է գազի ներկրման հարցում՝ հատկապես հաշվի առնելով, որ «Ռուսաստանը էներգետիկ պատերազմ է սկսել Եվրոպայի դեմ:
Հրապարակման հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում գազի արդյունահանման 20 տոկոսը և Ադրբեջանից դեպի ԵՄ անցնող գազատարների զգալի մասը պատկանում է ռուսական «Լուկօիլ» ընկերությանը: Չի բացառվում նաև, որ Ադրբեջանը Ռուսաստանից գազ է ներկրում, որ կատարի գազի մատակարարման հետ կապված ԵՄ-ին տված խոստումները»,- եզրափակում է Blankspot-ը:
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՇՀԿ ԵՎ ԱՊՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը: Բելառուսի ՊՆ տվյալով՝ օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր, պաշտպանության ոլորտում գործակցության ամրապնդման հեռանկարները: Կողմերը կանդրադառնան նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։
ԼԱՎՐՈՎԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 12-ին Մոսկվայում կհանդիպի ԱՊՀ մասնակից երկրների դեսպանների հետ՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ ՌԴ գլխավոր դիվանագետը կամփոփի անցնող տարում ԱՊՀ երկրների հետ գործակցության արդյունքները, կմատնանշի Ռուսաստանի համար առաջնահերթ ուղղությունները:
«Նախարարը դեսպաններին կտեղեկացնի նաև մի շարք արդիական միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ Ռուսաստանի դիրքորոշման մասին»,- հավելել է Զախարովան։
ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԴ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ «ԳԱԶԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇՈՒՐՋ
Տաշքենդը պատրաստ է գազային կոմերցիոն պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ, սակայն մտադիր չէ «գազային միության» մաս դառնալ՝ գրում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Ռուսաստան-Եվրամիություն էներգետիկ ճգնաժամի ֆոնին պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ քննարկում է Ղազախստանի և Ուզբեկստանի հետ գազային միություն ստեղծելու հնարավորությունը՝ նպաստելու այդ երկրների և այլ հետաքրքրված պետությունների, այդ թվում՝ Չինաստանի միջև գազի փոխադրումներին:
Ուզբեկստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Ժորաբեկ Միրզամախմուդովի խոսքով՝ գազի ներքին սպառումն ապահովելու հարցով երկիրը բանակցում է հարևան պետությունների հետ, սակայն Ուզբեկստանը գազի դիմաց քաղաքական դիրքորոշում չի փոխի և չի վտանգի իր ազգային շահերը:
Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն էլ հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Մոսկվայի առաջարկած «գազային միության» մասին: «Ղազախստանի սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է՝ Աստանան թույլ չի տա իր տարածքն օգտագործել եվրոպական պատժամիջոցները շրջանցելու համար»,- ասել է Վասիլենկոն։
Կրեմլն արձագանքել է Reuters-ի հոդվածին: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունն այն մասին, թե Ուզբեկստանը հրաժարվել է «գազային եռակողմ միություն» ստեղծելու գաղափարից։ Նա նշել է, որ գործակալությունը սխալ է մեկնաբանել Ուզբեկստանի փոխվարչապետի խոսքերը:
«Մենք գիտենք՝ ինչ է ասվել: Գազի դիմաց քաղաքական պայմանների մասին քննարկումներ չեն տարվում: Խոսքը կոմերցիոն նպատակներով կոմերցիոն գործողությունների համակարգման մասին է»,- մանրամասնել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև Ուկրաինայում զարգացումներին: Նշել՝ այդ երկրի ապառազմականացումը և ապազգայնականացումը հատուկ ռազմական գործողության հիմնական նպատակներն են։
«Հակամարտությունը կարող է ավարտվել հենց վաղը, եթե Կիևը քաղաքական կամք ցուցաբերի, Վոլոդիմիր Զելենսկին դա գիտի»,- եզրափակել է Պեսկովը։