ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա։ Նա համակարգում է ԱԻՆ արտաքին կապերի վարչության գործունեությունը, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերը և ակադեմիա էր եկել բուհի ղեկավարության հետ քննարկելու ակադեմիան միջազգային տարբեր հարթակներում առավել ճանաչելի դարձնելու ուղիները:
30 տարվա կենսագրություն ունեցող «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» այսօր տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ բուհն է, ունի որակյալ կրթություն կազմակերպելու հարուստ բազա, կրթական և վերապատրաստման ծրագրեր, այլ լեզուներով դասավանդող հմուտ մասնագետներ: Դավիթ Համբարյանն առաջարկել է մշակել փաթեթ, որը կարելի կլինի ներկայացնել միջազգային տարբեր հարթակներում:
Նախարարի տեղակալը վերջերս է վերադարձել միջազգային մի հավաքից, այնտեղ խոսել է ՃԿՊԱ հնարավորությունների մասին, տեսել բացահայտ հետաքրքրվածություն: Սա շատ լավ հիմք է: Առավել ևս, որ ակադեմիան երկկողմ համագործակցության հարուստ փորձ ունի՝ Ճապոնիայից ու Հարավային Կորեայից մինչև Ֆրանսիա և Շվեդիա: Ցանկացած համագործակցություն ձևավորվում է փոխադարձ օգտակարության հենքի վրա, ուստի ՃԿՊԱ-ն էլ ավելի ճանաչելի դարձնելու «այցեքարտը», պետք է երկու սկզբունքի վրա կառուցվի՝ «Ինչ կարող եմ տալ, ինչ եմ ուզում ստանալ»:
Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանը նշանակվեց «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» պրոռեկտոր:
Արմինե Հայրապետյանն էլ այլ երկրների և միջազգային կառույցների հետ համագործակցության հարուստ փորձ ունի: Այս ռեսուրսն էլ կծառայեցվի արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջազգային ճանաչելիության աճին: