Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր:
Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Անն Իդալգոյի ջանքերը՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, անկախության միջազգային ճանաչման համար պայքարին սատարմանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը:
Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևի օգտին քվեարկելու համար: Հարությունյանն ընդգծել է, որ միջազգային հարաբերությունների զարգացումը Արցախի համար շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրներից մեկը:
Այդ համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է Ֆրանսիայի վարչական շրջանների և քաղաքների հետ ունեցած ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու են դինամիկ կերպով:
Փարիզի քաղաքապետը վստահեցրել է, որ Փարիզը միշտ կլինի Արցախի և նրա ժողովրդի կողքին՝ պաշտպանելով նրա ինքնորոշման և խաղաղ ապրելու իրավունքները: