Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Նախագծով 2023 թ. պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Դեֆիցիտը կկազմի 289 մլրդ դրամ:
ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով և կազմում են 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները չեն փոփոխվել և սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամի չափով:
Եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետական բյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ:
2023 թ. պետական բյուջեի նախագծի փոփոխությունները պայմանավորված են մի քանի պատճառներով: Նախ արտարժութային գործառնությունների դրամային համարժեքները վերահաշվարկվել են նոյեմբերի 1-ի փոխարժեքով, այդ վերահաշվարկը ճշգրտումներ է առաջացրել պետական բյուջեի եկամուտների, ծախսերի, ինչպես նաև դեֆիցիտի դրամային համարժեքներում:
Երկրորդ պատճառն այն է, որ ծրագրերի համակարգողները լրամշակել են որոշակի ծրագրերին վերաբերող փաստաթղթային հիմնավորումները, ինչի արդյունքում որոշ դեպքերում ավելացել են այդպիսի ծրագրերին հատկացվող բյուջետային միջոցները:
Առանձին ծրագրերի համար ավելացված բյուջետային միջոցների չափով նվազեցվել են 2023 թ. պետական բյուջեով սահմանված Կառավարության պահուստային ֆոնդի միջոցները: