Չնայած Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանում խաղադրույքների աճին՝ անցած 9 ամսում ծառայությունների ծավալում կրճատվել է շահումով խաղերի տեսակարար կշիռը, և այդ միտումը նկատելի է նաև վերջին տարիներին: Այսպես, օրինակ՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին ճյուղի կշիռը 18.9 տոկոս էր, դրան հաջորդող տարում՝ 21.3, 2019-ին 22.3 տոկոս էր, իսկ կորոնավիրուսի շրջանում 21.2 տոկոս էր, նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին՝ 12.1, իսկ այս տարվա 9 ամսում հասել է վերջին տարիների ամենացածր տեսակարար կշռին՝ 9.5 տոկոս: Եթե գումարային, ապա 2019-ի 9 ամսում 338 մլրդ դրամ էր այս ճյուղի ծավալը, այս տարի 172 մլրդ է:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մենք հնարավոր միջոցներ ենք ձեռնարկում՝ ԱԺ օրենքներով, որպեսզի կանխիկ չկարողանան վճարումներ կատարել: Մենք փոխեցինք, որ միայն անկանխիկ կարող են գումարներ ընդունել, դրանից առաջ գովազդներից հանեցինք որոշակի: Այսինքն՝ մենք անընդհատ աշխատում ենք, որ, նախ, անչափահասներին հնարավորինս հեռու պահենք ընդհանրապես ոլորտից և հատկապես խոցելի խմբերին իրազեկենք ռիսկերի մասին, և այս 9.5 տոկոսը արդեն բավականին հուսադրող է, որ այլևս խաղային բիզնեսը այն ծավալով չի լինի, ինչ եղել է տարիներ շարունակ:
Մասնագետների գնահատմամբ՝ խստացումներն ազդեցություն թողել են այս նվազման վրա, մարդկանց վարքագծի փոփոխության հարցում դեր են խաղացել նաև հանրային քննարկումները:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան) - Շահումով խաղերը, ճիշտ է, տնտեսության համար գուցե որոշ չափով եկամտաբերություն ապահովեն, բայց հասարակական ընկալումների առումով դա լավ չի ընկալվում, և դրա բացասական հետևանքները բավականին շատ են: Կարծում եմ՝ այսպիսի հասարակական քննարկումները նույնպես նպաստեցին, որպեսզի այդ ոլորտի աճը որոշակի չափով դանդաղի և նվազեցվի:
Եղել են տարիներ, երբ ոլորտում շրջանառությունը գերազանցել է բյուջեի չափը՝ նշում է Սերգեյ Բագրատյանը՝ ընդգծելով, որ մտահոգիչ իրավիճակից ելնելով էլ Կառավարությունն ու Ազգային ժողովը փորձում են անընդհատ նվազեցնել ռիսկերը:
Սերգեյ Բագրատյան - Մենք պետք է էդ մշակույթի հետ աշխատենք, որ չդառնանք խաղային բիզնեսի կենտրոններից մեկը: Իսկ ցանկացած երկրում, եթե հասարակության հետ առողջ աշխատանք է տարվում, ապա արդյունքը կերևա: 22.3 տոկոսից, ահա, իջել է 9.5 տոկոս:
Օնլայն շահումով խաղերի ներկայիս մակարդակը նաև օտարերկրյա խաղացողներն են ապահովում: Ըստ Սոս Խաչիկյանի՝ պատահական չէ, որ Հայաստանում գովազդի սահմանափակումներից ելնելով՝ տեղական խոշոր ընկերությունները փորձում են դրսից խաղացողներ ներգրավել: Այդ համատեքստում լրացուցիչ շահույթը տնտեսությանը վնաս չէ:
Սոս Խաչիկյան - Դրսից բավականին շատ մասնակցում էին այդ օնլայն խաղադրույքների տարբերակին, և էական աճ նկատվում էր նաև դրսից ներգրավման միջոցով»:
Սերգեյ Բագրատյանը վստահեցնում է՝ գործադիրն ու օրենսդիրը քննարկում են, որ, չարգելելով այս ճյուղի գործունեությունը՝ սոցիալապես անապահովների և անչափահասների համար սահմանափակվի հասանելիությունը խաղային ոլորտ:
Հեղինակ՝ Նիլոլայ Ավետիսյան