2023 թվականի համար թիրախավորվում է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 7 տոկոս իրական աճ: Այս մասին ԱԺ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Այսպիսի բարձր տնտեսական աճը պետք է ձեռք բերվի զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով այս տարվա գնաճի տեմպերին՝ նախարարը նշեց, որ դրանք դեռևս շարունակում են մնալ բարձր՝ գտնվելով 8.7 տոկոսի սահմանում:
«Չնայած վերջին ամիսների ընթացքում գնաճն իջեցնելու ուղղությամբ ԿԲ արդյունավետ քաղաքականությանը և նկատելի հաջողություններին՝ չենք կարող ակնկալել, որ շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերադառնալ գնաճի բնականոն միջավայր:
Պետք է սպասել, որ 2023 թվականի ընթացքում ԿԲ-ն կշարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով հաջորդ տարեվերջին վերադառնալ կամ առնվազն զգալիորեն մոտենալ գնաճի համար օրենքով սահմանված 4 տոկոս չափին»,- ասաց Խաչատրյանը: