Վերջերս Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանը չի միացել մի շարք փաստաթղթերի ստորագրմանը, որոնք ուղարկվել են լրամշակման:
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում թեմային անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ ունի այդ փաստաթղթերից:
«Ակնկալիքն է՝ հստակ արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել, իսկ դա է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժում, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորում և այլն, և դրանից բխող գործողությունների ձեռնարկում:
Պետք է ընդգծենք, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ պետությունները պայմանավորվել են պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը: Ակնկալում էինք, որպեսզի ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն այս ոգով վերաբերվեն նաև ընդունվելիք որոշումներին, ինչը, ցավոք, չարժանացավ այդպիսի վերաբերմունքի մյուս երկրների կողմից: Այժմ աշխատանքները շարունակվում են»,- ասաց Միրզոյանը: