Ազգային ժողովի նախագահը չի բացառում դեկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այս պահին հստակ տեղեկություն չկա, թե որտե՛ղ կամ ո՛ւմ միջնորդությամբ կլինի հանդիպումը:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Մենք կաղապարված չենք միայն այս պահին Բրյուսելում հանդիպելու տարբերակով: Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման:
Հայաստանը Արցախին չի թողել և չի թողնելու՝ վստահեցնում է Սիմոնյանը, անդրադառնում Լաչինի միջանցքում վերջին օրերին ադրբեջանցիների սադրիչ գործողություններին՝ մեջբերելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
Ալեն Սիմոնյան - Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական զորքերի, խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԼԱՎՐՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ազգային ժողովի նախագահը անդրադարձել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի օրեր առաջ արված հայտարարություններին:
Ալեն Սիմոնյան - Ինքը պատմում էր մի տարբերակ, որը ես անվանել էի ռուսական, խոսակցական լեզվով ասած՝ Լավրովի, Լավրովը սխալ էր:
Սիմոնյանը մեկնաբանել է նաև Լավրովի այն հայտարարությունը, թե Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայկական կողմն ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս:
Ալեն Սիմոնյան - Պրագայի հայտարարության մեջ նման բան չկա, և Արցախը որևիցե պարագայում չի թողնվում գործընթացից դուրս: Այնտեղ նախատեսված կա ֆորմատ, որտեղ Արցախը և Ադրբեջանը պետք է իրար հետ խոսակցություն ունենան, ասեմ ավելին՝ դրա մասին ևս ասվել է. եղել է ինչ-որ պահին ինչ-որ խոսակցություն, որտեղ, իրոք, ձեր ասած՝ մտահոգությունը՝ Արցախը դուրս էր մնում, և Հայաստանի իշխանությունը մերժել է այդ խոսակցությունը և չի մտել այդ խոսակցության մեջ:
Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ Երևանում կայացած ՀԱՊԿ նիստում Հայաստանին օգնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը վարչապետ Փաշինյանի չստորագրելուց հետո այժմ քննարկումները շարունակվում են: Բոլոր արձանագրումները պետք է հաշվի առնվեն փաստաթղթի փոփոխություններում, և մինչև հաջորդ նիստն այն կլինի սեղանին՝ նշել է ԱԺ նախագահը։