ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՇԱՏ ԵՐԿԱՐ ՏԵՎԵԼ. ՊՈՒՏԻՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են շատ երկար տևել:
Նա տեղեկացրել է, որ մոբիլիզացված 300 000 քաղաքացիների կեսն արդեն ռազմական գործողությունների գոտում է: Կրեմլի ղեկավարը վստահեցրել է՝ լրացուցիչ մոբիլիզացիայի մասին խոսելու իմաստ դեռևս չկա:
Պուտինը նաև նշել է, որ միջուկային պատերազմի սպառնալիքն ավելանում է, հավելել՝ Ռուսաստանն առաջինը միջուկային զենք չի կիրառի, քանի որ դիտարկում է այն որպես պաշտպանական միջոց։
ԱՆԿԱՐԱՆ ԿԱՐՈՂ Է ԷՆԵՐԳԻԱ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Ուկրաինայում էլեկտրաէներգիայի անջատումները կշարունակվեն առնվազն մինչև մարտ՝ հայտնել են երկրի էներգամատակարարող ընկերություններից մեկում:
Վոլոդիմիր Զելենսկին համոզմունք է հայտնել՝ եթե ուկրաինացիները հաղթահարեն այս ձմեռը, ապա Ուկրաինան կհաղթի:
Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ Անկարան կարող է լողացող էլեկտրակայաններ ուղարկել Ռումինիա՝ Ուկրաինային էլեկտրաէներգիա մատակարարելու համար։ Այդ հարցով բանակցություններ են սկսվել:
ԵՄ-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼ ԿԻԵՎԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹԸ
Եվրամիությունը հուսով է, որ առաջիկա օրերին հնարավոր կլինի համաձայնության հասնել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն տրամադրելու շուրջ՝ միության տնտեսական խորհրդի նիստից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալը։ Վալդիս Դոմբրովսկիսը տեղեկացրել է, որ նիստի ընթացքում կառույցի անդամ երկրներից մեկը դեմ է արտահայտվել Կիևին աջակցության փաթեթի ընդունմանը: Լրատվամիջոցները նշում են, որ խոսքը Հունգարիայի մասին է:
ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ԱՄՆ Կոնգրեսի ստորին և վերին պալատների զինված ուժերի հարցերով հանձնաժողովները համաձայնեցրել են 2023 թվականի պաշտպանական բյուջեի նախագիծը. այն կազմում է 858 միլիարդ դոլար:
Նախագծի համաձայն՝ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար կհատկացվի առնվազն 800 միլիոն դոլար։ Նախագիծը նախատեսում է նաև բացառել G20-ին և միջազգային մի շարք այլ կազմակերպություններին Ռուսաստանի ներգրավվածությունը:
ԱՄՆ ՍԵՆԱՏՈՒՄ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ 51 ՏԵՂ
ԱՄՆ-ում Սենատի միջանկյալ ընտրությունները պաշտոնապես ավարտված են: Ջորջիա նահանգում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ռաֆայել Ուորնոքն ընտրությունների երկրորդ փուլում առաջ է անցել իր հանրապետական մրցակցից: Այսպիսով, դեմոկրատները Սենատում կունենան 51 տեղ, իսկ հանրապետականները՝ 49: Միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կկազմեն հանրապետականները, նրանք ունեն 222 տեղ: Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում ունեն 213 տեղ:
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԱՆԽՎԵԼ Է ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՓՈՐՁ
Գերմանիայի իրավապահ մարմինները պետական հեղաշրջում նախապատրաստելու և ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու կասկածանքով բերման են ենթարկել ավելի քան 20 մարդու, այդ թվում՝ Ռեյսի արքայազն Հենրի XIII-ին, ևս շուրջ 30 անձի նկատմամբ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում։ Երկրի Գլխավոր դատախազության տվյալով՝ կասկածյալները ծրագրել են գրոհել Բունդեսթագը: Նրանք խորհուրդ են ձևավորել, որը, իբր, պետք է զբաղվեր նոր պետականության մշակմամբ և նոր բանակի ստեղծմամբ։
Սա Գերմանիայի պատմության մեջ ամենախոշոր հակահաբեկչական գործողություններից մեկն է:
Ձերբակալություններն իրականացվել են Գերմանիայի, ինչպես նաև Ավստրիայի և Իտալիայի մի շարք քաղաքներում։ Ահաբեկչական կազմակերպության շարքերում են եղել պրուսական արքայազների ժառանգ, քաղաքական գործիչ, բարձրաստիճան զինվորականներ, պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ջոկատի զինվորականներ: