ՀՀ-ն շահագրգռված է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային կառույցների մոնիթորինգային առաքելությամբ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք այս հարցով դիմել էինք տարբեր կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին, նաև այս ընթացքում ԵԱՀԿ-ից առաքելություն եկավ և արդեն վերադարձավ: Այս պահին դեռ ընթանում է ԵՄ առաքելությունը, այսինքն՝ մանդատի ժամկետը չի ավարտվել, կավարտվի դեկտեմբերի 20-ին:
Ողջունում եմ ԵՄ անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը՝ շարունակել առաքելությունը և շարունակել պահպանել ներկայությունը Հայաստան-Ադրբեջան սահմանագծին երկու պատճառով: Նախ՝ այս առաքելության չեզոքության վերաբերյալ կասկածներ չեն հնչում: Այս առաքելության գնահատականները շատ կարևոր են հետագա միջազգային գործընթացների համար՝ հասկանալու, թե ի վերջո եղած սահմանի նկատմամբ որտեղ են տեղակայված կողմերի զորքերը:
Նաև կարող են արձանագրել այն ավերածությունները, որոնք մենք ունեցել ենք քաղաքացիական ենթակառուցվածքների շրջանում և այլն: Երկրորդ պատճառը, ես կարծում եմ, որ չեզոք դիտորդների ներկայությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին պետք է որ կանխարգելիչ նշանակություն ունենա հետագա էսկալացիայի և իրավիճակի հետագա սրման համար»,- ասաց Միրզոյանը: