Դեկտեմբերի 7-ին Երևանում մեկնարկել է «Հայ-ռուսական երկխոսություն» հիմնադիր համաժողովը, որի նպատակն է Հայաստանի և Ռուսաստանի կրթական, մշակութային, գիտական, հումանիտար նշանակության հաստատությունների միջև համագործակցության հստակ ծրագրերի մշակումն ու իրականացումը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը ներկայացրել են հայ-ռուսական երկխոսության հումանիտար, հասարակական նշանակության, ինչպես նաև միջպետական մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր: Արա Խզմալյանն անդրադարձել է 2022 թվականին մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հագեցած օրակարգին:
Այս համատեքստում նախարարի տեղակալն առանձնացրել է Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում իրականացված «Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում» ծրագիրը, որին մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Կոմիտասի անվան լարային քառյակը: Փոխադարձաբար՝ Երևանում, Վանաձորում և Դիլիջանում նշվել է «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը Հայաստանում» ծրագիրը:
Գործուն փոխայցելություններ են եղել նվագախմբերի, երաժշտական կոլեկտիվների, թատերախմբերի մասնակցությամբ:
«Օրերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում և Պետական ակադեմիական կապելլայի համերգասրահում: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նույնպես վերջերս հանդես է եկել Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում: Նոր կապեր են հաստատվում Երևանի թատրոնի և կինոյի պետական և Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտների միջև: Տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից էին աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի գլխավորած musicAeterna նվագախմբի, երգչախմբի, պարային խմբի և musicAeterna byzantina երգչախմբի հայաստանյան հյուրախաղերը»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ չնայած հայ-ռուսական մշակութային համագործակցության ակտիվ օրակարգի առկայությանը՝ երկխոսության նոր հարթակի ձևավորման առաջարկ է ստացվել ռուս գործընկերների կողմից, որը սիրով ընդունվել է:
Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ «Հայ-ռուսական երկխոսություն» հիմնադիր համաժողովի մեկնարկով էլ հիմք է դրվում երկխոսության նոր հարթակի ստեղծմանը, որը հնարավորություն կտա երկխոսելու, ձևակերպելու, բարձրաձայնելու հարցեր, որոնք հուզում են շատերին, և այդ հարցերն իմաստավորելու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում:
«Քննարկումից հետո այցեր են նախատեսվում համապատասխան կառույցներ՝ Երևանի պետական համալսարան, Գիտությունների ազգային ակադեմիա, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Օպերային թատրոնի, պարարվեստի ուսումնարանի, «Երիտասարդական օպերային ծրագրի» ղեկավարությունները հանդես են գալու առաջարկություններով, որովհետև Ռուսաստանն ունի մասնագիտական լուրջ ներուժ, հատկապես՝ պարարվեստի բնագավառում, որը մեզ համար բավական արդյունավետ համագործակցություն կլինի: Սա հանրային քննարկման բնույթի հանդիպում է և մասնագիտական համագործակցության հաստատման հնարավորություն»,- ընդգծել է Արա Խզմալյանը:
ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի նշմամբ՝ Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցում են նախարարությունների, պետական կառույցների մակարդակով, սակայն չկա քաղաքացիական հասարակության համագործակցության հարթակ:
«Այս քննարկմանը երկու կողմից էլ մասնակցում են ականավոր գիտնականներ, բժիշկներ, արվեստագետներ: Համագործակցությունը պետք է լինի ինստիտուտների մակարդակում. համատեղ ծրագրեր պետք է մշակեն գիտական կենտրոնները, թատերական կոլեկտիվները, պատկերասրահները, կրթական հաստատությունները: Գուցե լինեն վերապատրաստման դասընթացներ, երիտասարդ մասնագետների փոխանակման ծրագրեր»,- նշել է նա և հավելել՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բարեկամական են, ունեն լուրջ պատմություն, և հարաբերությունների զարգացման գործում մեծ դերակատարություն ունեն նշանավոր մարդիկ:
Միխայիլ Շվիդկոյը նշել է, որ 2023 թվականին լրանում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը, որը լավ առիթ է՝ կազմակերպելու մի շարք միջոցառումներ նաև Ռուսաստանում:
Հավելենք, որ համաժողովին մասնակցում են երկու երկրների հեղինակավոր համերգասրահների, թատրոնների և այլ կառույցների ղեկավարներ, բժիշկներ, գիտնականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլք: