ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի մոդելը, որն իրականացնում է «Փրոջեքթ հարմոնի Հայաստան» կազմակերպությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Ծրագրով նախատեսվում է նախագծի մոդելը հիմնել ՀՀ 7 բուհում, որը միտված է բարձրացնելու երիտասարդների քաղաքացիական կրթության և մասնակցության մակարդակը հասարակական կյանքում՝ համապատասխան հնարավորությունների ընձեռման և նպաստավոր միջավայրի խթանման միջոցով:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է հասկանալ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ տվյալ ծրագիրը բուհական գործընթացների վրա, ինչպես և ինչ մեխանիզմներով են բուհերն ապահովելու ծրագրի շարունակականությունը:
«Յուրաքանչյուր բուհ իր առանձնահատկությունն ունի, ուստի անհատական մոտեցումներ պետք է մշակվեն՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար: Բուհերը՝ որպես շահառուներ, հստակ պետք է գիտակցեն ծրագրի նպատակահարմարությունը, առանձնացնեն այն թիրախային խմբերը՝ ուսանողներ, համայնքի երիտասարդներ ու աշակերտներ, որոնց հետ աշխատանք է տարվելու՝ լիարժեք պատկերացում կազմելով նաև վերջնարդյունքների վերաբերյալ»,- ասել է նախարարի տեղակալը և կարևորել բուհերի ղեկավարների մասնակցությունը քննարկմանը:
«Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը, ներկայացնելով ծրագրի հիմնական բաղադրիչներն ու նպատակները, ընդգծել է, որ բուհում գործող կենտրոնի գործունեության առանցքը պատասխանատու, ակտիվ ու գիտակից քաղաքացու կերտումն է ու նրա ներգրավումը հասարակական գործընթացներում:
«Կենտրոններում նախատեսվում է իրականացնել տարատեսակ միջոցառումներ, որոնց թեմատիկ բաղադրիչները կնպաստեն երիտասարդների դրական զարգացման հայեցակարգով նախատեսված նպատակների իրականացմանը: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` ֆորմալ կրթություն և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությանը նպաստող միջավայրի բարելավում: Ծրագրի երկրորդ բաղադրիչն ուղղված է 18 տարեկանից բարձր երիտասարդների ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրագործմանը: Այս բաղադրիչով նախատեսվում է երիտասարդների համար ամառային դպրոցների, ամենամյա էքսպո-մրցույթների և այլ միջոցառումների կազմակերպում: Նախագիծը կհամագործակցի նաև բոլոր պետական, մասնավոր և հասարակական կառույցների հետ: Ավարտից հետո էլ ենթադրվում է, որ կենտրոնը պետք է շարունակի գործել բուհում և ծառայել բուհին ու իր հիմնական գաղափախոսությանը»,- ասել է Մարիամ Մարտիրոսյանը:
Քննարկմանը մասնակցող բուհերի, այդ թվում՝ մարզային համալսարանների ղեկավարները, դրական գնահատական են տվել նպատակաուղղված քաղաքացիական կրթության որակի բարձրացմանը միտված ծրագրին, ինչպես նաև համալսարաններում կենտրոնների ստեղծման գաղափարին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերում ներդրվող ծրագրի, կազմակերպչական, իրավական և վարչատնտեսական հարցերին: