Իտալիայի իշխանությունները մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ չեն ձևավորի, ANSA-ն մեջբերում է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոյին։
Նա հավելել է, որ Կիևի վերջին խնդրանքները հիմնականում կապված են ենթակառուցվածքների հետ՝ էներգիայի պակասի ֆոնին: Ուկրաինայի իշխանությունները հիմնականում գեներատորներ են խնդրում։
«Իտալիան կշարունակի աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ի որոշումների շրջանակներում, իսկ օգնության տեմպերն ու բովանդակությունը կորոշվեն ապագայում»,- եզրափակել է Կրոզետոն։
Ավելի վաղ Իտալիայի նախկին վարչապետ, «Հինգ աստղերի շարժում» կուսակցության առաջնորդ Ջուզեպպե Կոնտեն պահանջել էր փոխել Եվրամիության և ՆԱՏՕ-ի քաղաքականությունն Ուկրաինայի հակամարտության հարցում։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Կիև զենք ուղարկելը հակամարտության լուծում չէ, անհրաժեշտ է անցում կատարել դիվանագիտությանը։