ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Ղահրամանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունը, որը մասնավորապես վերաբերում է զինծառայողներին բնակարաններով ապահովելուն, ինչ արձագանքներ է առաջացրել:
«Նշեմ, որ ծրագիրը բավականին հետաքրքրել է, և դրա վառ ապացույցը այս ուսումնական տարում ավելի շատ ուսանողների առկայությունն է նախորդ տարվա համեմատությամբ, բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ օրենքն ընդունվել է գրեթե ընդունելության քննությունների հետ հավասարապես, և, բնականաբար, սա չէր կարող ունենալ այն ամբողջական դրական հետևանքները, որ կարող էինք ակնկալել, և հիմնական շահառուներն այսօր սովորում են ավագ դպրոցում, ավարտական դասարաններում, և նրանց հետ է, որ պետք է այս աշխատանքը տանել՝ ներկայացնելով, թե ինչպիսի սոցիալական պայմանների փոփոխություններ ենք առաջարկում ապագա զինծառայողներին, սպաներին, և բնակարաններով ապահովումը ընդամենը մի մասն է մեր բարեփոխումների ամբողջական փաթեթի: Այն պետք է ներկայացնել համալիր, և, կարծում եմ՝ մինչև հաջորդ ուսումնական տարի, մինչև հաջորդ ընդունելության քննություններն այդ հնարավորությունն ունենք: ՊՆ-ն առաջիկայում սոցիալական բավականին հետաքրքիր մեթոդներով կփորձի դա իրականացնել ու հասու դարձնել մեր բոլոր քաղաքացիներին՝ աշխատելով նաև մարզերի դպրոցների, ԿԳՄՍ նախարարության հետ»,- ասաց Պապիկյանը:
Ինչ վերաբերում է ծրագիրը ներկայացնելուն, նախարարը նշեց, որ անցած տարի փորձել են անգամ անհատական նամակների միջոցով շահառուների հետ կապ հաստատել, նույնը արվելու է նաև այս տարի:
«Կարծում եմ, որ սա համատեղ աշխատանք պետք է լինի գործընկեր նախարարության հետ, և մենք պատրաստ ենք աշխատել նաև պատգամավորների հետ, եթե ձեր աջակցությունը պատրաստ լինեք ցուցաբերել»,- ասաց նախարարը: