ՀՀ Ազգային ժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայության կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի այն զինծառայողների համար, որոնք զբաղեցնում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ, սահմանել ատեստավորման համակարգ և ատեստավորման արդյունքներով հաշվարկել հավելավճար:
Ատեստավորմանը մասնակցելու և հավելավճարի հաշվարկման հետ կապված պայմանները, ատեստավորման կարգը, մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, հավելավճարների չափը և վճարման կարգը նախատեսվում են սահմանել ՀՀ Կառավարության որոշմամբ:
«Ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ ներկայումս զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս հետո, և ոչ ուշ, քան 4-րդ ամիսը լրանալու օրը»,- ասաց նախարարը:
Պայմանագրային զինծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: