Տարածաշրջանի և եվրոպական մի շարք երկրներ նախազգուշացնում են՝ սուր շնչառական հիվանդությունների, մասնավորապես` գրիպի տարածման ակտիվություն է նկատվում: Հայաստանում ևս վերջին շաբաթներին այս ցուցանիշն աճել է: Մասնագետների խոսքով՝ այս պահին մեր երկրում ամենատարածվածը գրիպի H1N1 շտամն է:
Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը աճել է 1.1 անգամ, և մենք շեմից բարձր ենք 1.5 անգամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացության մակարդակը 1.1 անգամ ցածր է:
Սուր շնչառական վարակների սեզոնը սովորաբար սկսվում է հոկտեմբերին և շարունակվում մինչև մայիս։ Դեկտեմբերի 5-ի դրությամբ՝ շտապօգնության կանչերի մոտ 10%-ը սուր շնչառական վարակով հիվանդներ են եղել, մեծ մասը` երեխաներ: Հիվանդացությամբ պոլիկլինիկա է դիմել 1329 պացիենտ, որոնց մոտ 80 տոկոսը` մինչև 4 տարեկան. այս պատճառով ծանրաբեռնված են աշխատում նաև մանկական հիվանդանոցները։
Լիանա Նազարյան («Մուրացան» հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար) - Մինչև մեկ տարեկան երեխաների մոտ է հիմնականում ավելի ծանր ընթացք ունենում, միջին ծանրությունից մինչև ծանր վիճակ ունենում ենք: Թեթև երեխաներին հիմնականում սպասարկում ենք ամբուլատոր և ուղղորդում ենք պոլիկլինիկաներ:
Մասնագետների խոսքով՝ շատերը չեն կարողանում սուր շնչառական հիվանդությունը տարբերակել կորոնավիրուսից: Դրա համար բժիշկները խորհուրդ են տալիս հետազոտվել և պատվաստվել, ինչը զգալիորեն նվազեցնում է ծանր դեպքերի թիվը:
Արմեն Մուրադյան (ԵՊԲՀ ռեկտոր) - Պատվաստումը թույլ կտա ոչ միայն խուսափել ծանր դեպքերից, առհասարակ թույլ կտա խուսափել հիվանդացության բարձրացումից և ազատել բուժհաստատությունները մեծ քանակությամբ դիմելիություններից թոքաբորբերի և սուր շնչառական հիվանդությունների հետ կապված:
Սուր շնչառական հիվանդությունները՝ կախված տեսակից, տևում են 5-7 օր: Մասնագետները հորդորում են՝ ախտանշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, չայցելել հասարակական վայրեր և անմիջապես դիմել առողջության առաջնային պահպանման օղակի բժշկին:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան