Կառուցապատողների և բնակիչների միջև վեճը չի լուծվում: Դավթաշենում բնակարան ունենալու համար կանխավճար, ընդհուպ ամբողջ գումարը վճարած քաղաքացիները Քննչական կոմիտեում են, պահանջում են, որ կիսակառույցը կալանքից հանելու գործընթաց սկսվի: Միայն այդ դեպքում նոր կառուցապատողն առողջացման ծրագրով կկարողանա շարունակել շինարարությունը: Քննչական կոմիտեում տուժող քաղաքացիներին ընդունել է նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:
Կորյուն Մխիթարյան - Սնանկության դատավարությամբ եկել, հասել ենք ինչ-որ մի փուլի, որը որ պետք ա կալանքը հանվի, և պրոցեսը շարունակվի, ամեն ինչը պատրաստ ա, բոլոր պայմանավորված ա, բոլորը գոհ են: Ունենք մի բողոքավոր՝ Էռնեստ Ղազարյանը, որը որ շենքի հիմնադիր և տնօրենն ա, խոչընդոտում ա ամեն կերպ, որպեսզի կալանքը չհելնի, բողոքում ա:
Էռնեստ Ղազարյանն այս կիսատ մնացած շինարարության գործով ևս տուժողի կարգավիճակ ունի: Նրանից են վարձակալել շինտեխնիկան, ապա դրա համար չեն վճարել, որի արդյունքում շինաշխատանքները սկսած «Ասիամեգասթրոյի» նախկին հիմնադիրներ Գեղամ Ասրյանն ու Ռադիկ Գևորգյանը նրան են փոխանցել ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը: Հիմա բնակիչներն ու Էռնեստ Ղազարյանը միասին մոտ 1.5 մլրդ դրամի պահանջ ունեն, գործը սնանկության դատարանում է: «Ասիամեգասթրոյի» նախկին հիմնադիրներ Գեղամ Ասրյանն ու Ռադիկ Գևորգյանն էլ մեղադրվում են խարդախության համար:
Արթուր Վարդազարյան - Մեր ակնկալիքը՝ պետք ա գնանք կառավարություն, նորից պետք ա խնդրենք, որ մեր հարցը վերանայեն, տենան՝ ի՛նչն ա խնդիրը, որ էս երկու տարի ա՝ էս երկու հարյուր հոգի բնակիչ մնացել են դուրսը:
Քննչական կոմիտեի շինարարատեխնիկական և ֆինանսատնտեսական գծով մասնագետներն ընկերության ֆինանսական փաստաթղթերն ու շինհրապարակն ուսումնասիրում են: Քննչական կոմիտեից «Լուրերին» տեղեկացրին, որ սնանկության կառավարչից գույքի վրա դրված արգելանքը հանելու միջնորդություն են ստացել, որը քննարկվում է:
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ. «Քանի որ առկա է քրեական գործ, նախաքննական մարմինը պարտավոր է քրեական գործով տուժողներին պատճառված վնասը հետագայում դատարանում վերականգնելու և հատուցելու վերաբերյալ ձեռնարկել բոլոր միջոցները և այդ նպատակով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքի վրա: Այս պահին միջնորդությունը բավարարելու հիմքեր չկան: Նախաքննության փուլում բոլոր տուժողների պահանջները հավասարազոր են, ուստի նախաքննական մարմինը իրավասու չէ այդ հիմքով միջնորդելու դատախազին, որպեսզի վերացնի արգելանքը»:
Բնակիչները վստահեցնում են, որ Կառավարությունը, դատախազությունն ու Երևանի քաղաքապետարանը պատրաստ են աջակցելու իրենց օր առաջ լուծել խնդիրը, բայց պետք է կողմերից յուրաքանչյուրը որոշակի զիջումների գնա: Քաղաքացիները, օրինակ՝ համաձայնել են 2020-ին վճարածին գումար ավելացնել, ըստ նրանց՝ ոչ մի զիջման պատրաստ չէ, սակայն, «Ասիամեգասթրոյի» ներկայիս ղեկավարը: Մինչդեռ Էռնեստ Ղազարյանն ասում է՝ դեմ չէ, որ շենքը կառուցվի, բայց նախ պետք է իր գումարը վերադարձնեն:
Էռնեստ Ղազարյան («Ասիամեգասթրոյ» ընկերության տնօրեն) - Իրենք ինձ առաջարկում են, որ ես հրաժարվեմ փողիցս էլ, բնակարաններից էլ, ես խի՞ պիտի հրաժարվեմ: Ես էլ եմ բնակիչ: Ես էդ շենքը վեկալել եմ կալանքի տակ, որ իմ բնակարանները տան: Ինձ էլ պայմանագիր ունեմ բնակարանների, եթե ով որ սարքում ա, իմ բնակարանները տան, ով ա դեմ: Եթե կարան գումար տան, բնակարանները պետք չի, մի բան ինձի տան, ես փող եմ, չէ՞, տվել 500.000 բնակարանների, մեքենա եմ տվել, 18 հատ բնակարան առել եմ, 8 հատ բնակարան փողով, 20 հատ մեքենա եմ տվել:
Առողջացման ծրագրով շինարարությունը շարունակելու պատրաստակամություն հայտնած ընկերության ղեկավարը «Լուրերին» տեղեկացրեց, որ ձախողված քաղաքաշինական ծրագրի ֆինանսական վիճակը թույլ չի տալիս, որ Էռնեստ Ղազարյանի պահանջը բավարարվի: Ընկերությունն այս պատրաստ է Ղազարյանին վճարել 700.000 դոլար՝ 350 հազարը առձեռն, իսկ մնացյալի դիմաց նրան վերադարձնել շինտեխնիկան: