ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ իր համար սկզբունքային է եղել երկրաշարժից տուժած քաղաքացիների իրավունքների իրացման խնդիրը:
«Տնակային ավանները Գյումրիի զարգացման ամենամեծ խոչընդոտն են: Մեզ մոտ հարց առաջացավ՝ եթե պետությունը բոլոր քաղաքացիների նկատմամբ պարտավորությունը կատարել է, ինչո՞ւ են այնտեղ դեռ շարունակում գոյություն ունենալ տնակներ: Ես խնդիր դրեցի, որ մենք պետք է ազատվենք այդ տնակներից:
Բայց հընթացս ստացանք նամակներ, որ ժամանակին եղել է անարդարություն, և մեր նկատմամբ պետության պարտավորությունը չի կատարվել: Այս նամակներին արձագանքելով՝ տվեցի հանձնարարական՝ պարզել տնակներում բնակվող քաղաքացիների տնակներում գտնվելու հանգամանքները: Պարզվեց, որ, օրինակ՝ մարդիկ են ապրում տներում, ովքեր մոտակա գյուղում ունեն բնակարան: Կան տնակներ, որ ավերակ են:
Եթե պարզվի, որ պետությունն ունի պարտավորություն, պետությունն այդ պարտավորությունը կկատարի, բնակարան կտա, տնակը կապամոնտաժի: Եթե պարզվի, որ պետությունն ընդհանրապես ոչ մի պարտավորություն չունի, և մարդն այլ հանգամանքների բերումով է հայտնվել տնակում, դա ուրիշ մոտեցում է: Այստեղ պետք է իրավական ընթացակարգեր աշխատեն: Իմ դիրքորոշումն այն է, որ պետք է խիստ միջոցներ ձեռնարկել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց, որ առանց տնակային ավանի ապամոնտաժման Գյումրին իրական զարգացում չի ունենալու: