Հանգստի գոտու փոխարեն՝ հանքարդյունաբերություն: Դեպքը միակը չէ, արձանագրել է Անտառային կոմիտեն՝ ուսումնասիրելով նախորդ տարիներին անտառային տարածքներում հանգստի գոտիների վարձակալների գործունեությունը:
Վլադիմիր Կիրակոսյան (ՀՀ ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահ) - Տեսել ենք անմխիթար վիճակ: Կներեք բառիս համար, ես ուզում եմ, որ մենք դուրս գանք «բիսետկա» կարգավիճակից: Կան դեպքեր, որ մեր տարածքներում անտառային գոտում վերցրել են որպես անտառային հանգստի գոտի, շահագործել են որպես հանքարդյունաբերություն:
Գրեթե բոլոր հանգստյան գոտիներում ներդրումները սահմանափակվել են հակահիգիենիկ տաղավարներով ու մեկ-երկու ժանգոտ մանղալով: Անտառային կոմիտեի նախագահի խոսքով՝ նախորդ տարիներին վարձակալած 137 տարածքում ոչ մի ներդրում չի արվել: Շատերի գործերն արդեն դատարանում են:
Վլադիմիր Կիրակոսյան - Կա 24 դատական հայց, որը մեր կողմից է ներկայացվել և ընթացքի մեջ է, և պատրաստվում են հաջորդիվ ներկայացված հայցերը: Վարձակալների կողմից ունենք պայմանագրի կետեր խախտած, որը որ չի իրականացվել՝ դա կլինի վարձակալության վճարների մասով, տվյալ տարածքի պահպանության մասով:
Անտառային տարածքների վարձակալության մրցութային գործընթացը դադարեցվել էր դեռ 2020-ից: Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ 17 անտառային տարածքում մրցույթները մեկնարկել են նոր պայմաններով: Թեև պայմանները խստացվել են, մրցակցությունը չի պակասել՝ մեկ լոտի համար 5 դիմում են ստացել: Տարածքները կտրվեն 5-60 տարի ժամկետով:
Վլադիմիր Կիրակոսյան - Եռամսյա կտրվածքով կատարվելու է Անտառային կոմիտեի կողմից վերահսկողություն: Պայմանագրի մեջ ունենք կետ, որ ոչ մի հատ ծառ, թուփ իրավունք չունեն հատելու, և եռամսյակը մեկ մենք իրականացնելու ենք հսկողությունը և՛ տարածքի մաքրության առումով, և՛ պահպանության առումով, և՛ ներդրումների առումով:
Երկու զգուշացումից հետո պայմանագիրը կլուծարվի: Անտառային կոմիտեի 2023-ի ծրագրով՝ արդեն հունիսից բոլոր անտառտնտեսությունների տարածքներում կգործեն անվճար հանգստի գոտիներ: Տիպային տաղավարների տեղադրում, տարածքի բարեկարգում, մաքրության պահպանում. Անտառային կոմիտեի միջոցներով կառուցվող հանգստի գոտիները կարող են լավ օրինակ դառնալ մյուս վարձակալների համար: