Գերծանրաբեռնված աշխատանք, ճնշումներ...Դատախազությունն առաջարկում է դատախազներին ամսական աշխատավարձի չափով հավելավճար տրամադրել: Նոր պաշտոնավարող դատախազի փաստացի աշխատավարձը չի գերազանցում 300 հազար դրամը։ Առաջարկվող օրենսդրական կարգավորմամբ նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ դրույքաչափի 100 տոկոսի չափով:
Հիմնավորման մեջ նշվում է, որ դատախազները քրեական գործերի աննախադեպ աճի պայմաններում գերծանրաբեռնված են, հաճախ ստիպված են լինում օրական 12-13 ժամ աշխատել:
Մհեր Մկրտչյան (ՀՀ ԳԴ կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ) - Նման պայմաններում, հաշվի առնելով նման ծանրաբեռնված վիճակը և նաև հանրության ակնկալիքները պետության քրեական քաղաքականության պատշաճ իրականացման հարցում, նաև արտաքին ճնշումների որոշակի հավանականությունը, դատախազի աշխատանքը դառնում է պակաս գրավիչ և ռիսկային:
Մանավանդ որ, ըստ Մկրտչյանի՝ արդեն իսկ ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներից ակնհայտ է, որ քրեական հետապնդում հարուցելը բացառապես դատախազի բացառիկ լիազորությունն է:
Մհեր Մկրտչյան - Նման պայմաններում արտաքին որոշակի ճնշումների հավանականությունը այն պաշտոնատար անձի նկատմամբ, ով որ պատասխանատու ա մինչդատական քրեական վարույթի ընթացքում՝ նման առանցքային կարևոր որոշումներ կայացնելու հարցում, բնականաբար, ակնհայտ է:
Բացի այդ՝ Մկրտչյանի խոսքով՝ վարույթի մասնավոր մասնակիցները նաև զանգվածային լրատվության միջոցներով շատ հաճախ դատախազի կողմից մեղադրանքի պաշտպանության գործառույթի իրականացումը ընկալում են անձնավորված, ինչն ուղեկցվում է վիրավորական արտահայտություններով:
Մհեր Մկրտչյան - Որն իր հերթին կրկին ավելի գրավիչ և ռիսկային է դարձնում դատախազի աշխատանքը:
Ըստ պաշտոնյայի՝ վերջին տարիներին դատախազության համակարգում կադրերի հոսքը մտահոգիչ է:
Մհեր Մկրտչյան - Փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ որ բուհը նոր ավարտած երիտասարդը նոր թարմ գիտելիքներով գալիս է դատախազության համակարգ, աշխատում է 3-4 տարի, ձեռք է բերում որոշակի փորձառություն, սակայն 3-4 տարի աշխատելուց հետո՝ տեսնելով, որ մասնավոր ոլորտում ինքը իր կարողություններով և փորձառությամբ կարող է մի քանի անգամ ավելի վարձատրություն ստանալ, դուրս է գալիս համակարգից:
Նախկին դատախազ, այժմ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը չի թաքցնում՝ համակարգից գնալու առաջնային շարժառիթը ցածր աշխատավարձն է եղել:
Րաֆֆի Ասլանյան (նախկին դատախազ, փաստաբան ) - Համարում եմ, որ դատախազի աշխատանքային ծանրաբեռնվածությունը ներկայումս ակնհայտորեն չի համապատասխանում պետության կողմից նրան տրվող դրամական բավարարմանը: Մասնավոր ոլորտում իրավաբանների համար ֆինանսական առումով ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծված:
Սա է պատճառը, որ էսօր արդեն դատավարության մյուս կողմից ես հաճախ տեսնում եմ էնպիսի մարդկանց, ովքեր առողջ բավարար մրցակցության պայմաններում երբեք չէին կարող հայտնվել դատախազության համակարգում էդպիսի գիտելիքներով, ինձ համար ակնհայտ է, որ հաճախ ընտրություն է կատարվել վատի և վատագույնի միջև:
Նախկին դատախազը նշում է՝ մեղադրանքի կողմը թուլացել է, իսկ այս ամենից խուսափելու համար պետք է նրանց համար ստեղծվեն սոցիալական բավարար երաշխիքներ:
Րաֆֆի Ասլանյան - Տպավորություն չստեղծվի, որ պետության առաջնային խնդիրը ես սա եմ համարում, ես հասկանում եմ, որ կան ավելի կարևոր խնդիրներ, ես խոսում եմ ընդամենը մասնագիտական տեսանկյունից:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով էլ՝ հավելավճարի տրամադրումը հնարավորություն կտա համակարգը բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելու:
Հայկ Մարտիրոսյան («Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ) - Որակյալ կադրերը իրավապահ համակարգից դուրս են գնացել մասնավոր ոլորտ, և դրանից կախված դատախազական հսկողության և իրավապահ մարմինների աշխատանքը մեծապես տուժել է, դա ակնառու է նրանց կողմից կայացրած որոշումներից:
Նախագիծը հանրային քննարկման համար բաց է մինչև դեկտեմբերի 11-ը, առ այս պահը որևէ առաջարկ չի ներկայացվել: Այն ունի 102 կողմ և 16 դեմ ձայն:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան