ԱԺ-ՈՒՄ 1 ՐՈՊԵ ԼՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԳԵԼ ԵՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Մեկ րոպե լռությամբ և հոտնկայս. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելով սկսեց խորհրդարանի աշխատանքը:
ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ԲԴԽ ԱՆԴԱՄ
Այնուհետև հայտարարվեց. Ազգային ժողովը 75 կողմ ձայնով Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրել Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին: Նրա թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանական մեծամասնությունը: ԲԴԽ նոր անդամն ԱԺ-ում երդվեց և նոր կարգով նաև ստորագրեց երդման տեքստը:
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հաջորդիվ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության» և «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Առաջարկվում է պայմանագրային զինծառայողների ատեստավորման համակարգ ներդնել, որն անցնելու դեպքում նրանք հավելավճար կստանան:
Սուրեն Պապիկյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող պաշտոններ ներկայումս զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված ու համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման՝ պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս հետո, ու ոչ ուշ, քան 4-րդ ամիսը լրանալու օր:
Խորհրդարանի երկրորդ ուժի՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նախագծի հետ կապված որոշակի խնդիրներ նկատեց: Պաշտպանության նախկին նախարարի գնահատմամբ՝ Հայաստանի զինված ուժերում ատեստավորման ամբողջ համակարգը կապվում է հավելավճարների հետ, ինչն ըստ նրա՝ ճիշտ չէ:
Սեյրան Օհանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար) - Տվյալ սկզբունքով ներկայացված ատեստավորման ու հավելավճարների խնդիրը բերելու է արտահոսքի զինված ուժերից, բերելու է ոչ հավասար պայմանների, ու մարտական գործողությունների ժամանակ անհավասար պայմաններ են լինելու, մեկը, որը որ հավելավճար է ստանում, կարող է տեղի տալ, իսկ մյուսը կարող է հերոսանալ:
Ընդդիմադիրներն առաջարկեցին համակարգը թողնել նույնը, բայց մասնագիտական կարգերի ստացման առկա գործընթացը խստացնել:
ԱԺ-Ն ՀԱՍՏԱՏԵՑ «ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԾՐԱԳԻՐԸ
Սակայն պաշտպանության ոլորտին առնչվող մյուս նախագծին՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրմանը, խորհրդարանական ընդդիմությունը կողմ էր: Ընդդիմությունն ու իշխանությունը միաձայն՝ 91 կողմով, հաստատեցին նախագիծը, որով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդրվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ:
Սուրեն Պապիկյան - Նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս՝ նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք։ Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է:
2023-Ի ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ 2 ՏՐԼՆ 591 ՄԼՐԴ ԴՐԱՄ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Օրենսդիր մարմինը սկսեց քննարկել 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկմանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը: Նախագծի հիմնական զեկուցողը ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն է:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմի 289 մլրդ դրամ: ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով և կազմում են 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները չեն փոփոխվել և սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ չափով: Եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետբյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ:
Նախարարը 2023 թվականի պետբյուջեի նախագծի փոփոխությունների մի քանի պատճառ առանձնացրեց. արտարժույթի փոխարժեքը վերահաշվարկվել է նոյեմբերի 1-ով, ինչն էլ ճշգրտումներ է առաջացրել պետբյուջեի եկամուտների, ծախսերի, նաև դեֆիցիտի դրամային համարժեքներում, բացի այդ, ծրագրերի համակարգողները լրամշակել են փաստաթղթային հիմնավորումները, որոշ դեպքերում ավելացել են հատկացվող բյուջետային միջոցները:
Տիգրան Խաչատրյան - Բյուջեի ծախսերի ավելացումը պայմանավորված է տոկոսավճարների ավելացմամբ՝ 826 մլն դրամով: Առաջնային ընթացիկ ծախսերի, ինչպես նաև կապիտալ ծախսերի հանրագումարը մնացել է անփոփոխ: Արտարժութային փոխարժեքների վերահաշվարկի արդյունքում ծախսերի հանրագումարը նվազել 4.1 մլրդ դրամով: Ոլորտային ծախսային պատասխանատուների առաջարկություններով առանձին ծախսային ուղղություններին հատկացված միջոցներն ավելացել են 27.2 մլրդ դրամով, իսկ դրանց հատկացված ֆինանսավորման պատճառով կառավարության պահուստային ֆոնդը նվազել է 22.3 մլրդ դրամով:
Խաչատրյանը վստահեցրեց՝ բյուջեի հիմքում պաշտպանական, տնտեսական, սոցիալական ապահովության ծրագրերն են: Խոսեց նաև պետական պարտքից, նկատեց՝ 2023 թվականին արտաքին պարտքի կշիռը կնվազի՝ դրամ-դոլար փոխարժեքի հարաբերակցությամբ պայմանավորված:
Տիգրան Խաչատրյան - Կառավարության պարտքը դրամային արտահայտությամբ 2023 թվականի ավարտին կկազմի 4 տրլն 645 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.8 տոկոսը: Այս ցուցանիշի հաշվարկի հիմքում ընկած է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 436 փոխարժեքը: Համապատասխանաբար, եթե ունենանք փաստացի ավելի ցածր փոխարժեք, այս 49.8 տոկոսը կլինի ավելի ցածր:
Խորհրդարանը հաստատեց, որ հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա՝ 68 հազարից դառնալով 75 հազար դրամ: Կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականը նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ: Ֆիզիկական անձինք կհայտարարագրեն իրենց եկամուտները. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև երկար քննարկված համընդհանուր հայտարարագրման նախագիծը:
Հեղինակ՝ Անի Օհանյան