Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցկացնելու համար, գրում է gazeta.ru-ն:
«Ռուսաստանն, անկասկած, պատրաստ կլինի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար: Եթե այս հարցով ինչ-որ ըմբռնում լինի, ապա այդ մասին կտեղեկացվի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նախօրեին Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ առաջարկներ են ստացվել Բաքվից։ Նա հավելել է, որ Ալիևի և Փաշինյանի հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա մինչև տարեվերջ։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր հայտնել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը կարող են տեղի ունենալ մինչև տարեվերջ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, որ Մոսկվան շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։