Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումներին Արցախի Հանրապետության կողմից մասնակցում են միայն լիազորված ներկայացուցիչները:
Մասնավորապես, ս.թ. դեկտեմբերի 7-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում անցկացված հանդիպմանը Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող:
«Հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին հանդես է գալիս բացառապես Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության դիրքերից:
Անդրադառնալով վերը նշված հանդիպմանը՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչը փաստարկներով և հիմնավորումներով բարձրաձայնել է արցախյան կողմի մտահոգությունները թե՛ Արցախում Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված էկոլոգիական բնույթի խնդիրների, և թե՛ մյուս անվտանգային մարտահրավերների մասին:
Միևնույն ժամանակ կրկին շեշտում ենք, որ արցախյան կողմը շարունակելու է բոլոր հնարավոր միջոցներով Արցախի շահերը պաշտպանելու հանձնառությունը»,- ասված է Արցախի ԱԽ տարածած հաղորդագրության մեջ: