ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին հարցին:
«Առիթ ունեցել եմ ասելու, որ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մեր գնահատականը չի փոխվել: Հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին և հունգարական դատարանով դատապարտված հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին:
Բայց այդ իրադարձությունները հիշելով՝ նաև հիշում ենք անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ: Հունգարական իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և 5 ազատ արձակվող գերիների հետ եկան Երևան: Մենք նաև չենք կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը քովիդի դեմ պայքարի շրջանակներում»,- ասաց Միրզոյանը:
Նա նշեց, որ կան բազմաթիվ այլ օրինակներ, այդ թվում՝ ֆինանսական աջակցությունը Հայ Առաքելական Եկեղեցուն: Կա համագործակցություն նաև դպրոցների մակարդակում:
«Առաջիկայում կլսեք մեր երկու երկրների կողմից դեսպանների նշանակման մասին»,- ասաց Միրզոյանը: