ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված գործընթացը ո՛ր փուլում է:
«Խաղաղության կամ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններն ակտիվ փուլում են, շարունակվում են: Գիտեք, որ փաստաթուղթ է շրջանառվում, այսինքն՝ փաստաթղթի ամեն անգամ նոր խմբագրություն, ինչպես կարող եք ենթադրել: Այժմ մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները և հանդես կգանք մեր հերթական առաջարկներով:
Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռևս շատ հեռու են իրարից, բայց բանակցությունները հենց դրա համար են բանակցություններ, որպեսզի կարողանան հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել և ընդհանուր եզրակացության գալ, ունենալ վերջնական ընդհանուր, համատեղ արդյունք: Առայժմ բանակցությունները շարունակվում են. կան միմյանց համար անընդունելի բաներ, կան բաներ, որտեղ կարող են քայլեր անել կողմերն իրար ընդառաջ»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությանը, ապա, Միրզոյանի խոսքով, հանդիպում այս պահին պլանավորված չէ:
«Բայց ես ենթադրում եմ, որ միչև տարեվերջ կունենանք ևս մեկ հանդիպում. համենայն դեպս, մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը: Մենք ակտիվ ենք այս բանակցություններում, և կառուցողական այս բանակցություններում: Վստահ չեմ, որ կստացվի մինչև տարեվերջ ունենալ պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ, թեև այդպես էինք նախապես հայտարարել, բայց դա մտադրության հայտարարություն էր, մեր մտադրությունը մեծ հաշվով ուժի մեջ է: Մենք աշխատում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության և այս համապարփակ կարգավորմանը: Եթե նույնիսկ չստացվի մինչև տարեվերջ, բանակցությունները կշարունակվեն դրանից հետո»:
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 7-ին նախատեսված երկրների ղեկավարների քառակողմ հանդիպման չեղարկմանը, նախարարն ասաց, որ այս դեպքում հերթական անգամ գործ ունենք պայմանավորվածության տարբեր մեկնաբանությունների հետ:
«Մեր ընկալմամբ՝ ադրբեջանական կողմն է, որ խեղաթյուրում է պայմանավորվածությունները:
Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի էր ունեցել քառակողմ հանդիպում վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի, Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, և այդտեղ ձեռք էր բերվել պայմանավորվածություն հաջորդ հանդիպման համար: Դրանից հետո ադրբեջանական կողմը հրաժարվում է այս ձևաչափով նոր հանդիպման մասնակցել. սա կարծում եմ՝ ապակառուցողական քայլ է: Այս պահին ղեկավարների հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա»,- ասաց Արարատ Միրզոյանը: