Վարչապետի նոյեմբերի 8-ի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակելու համար: Սա կապ ունի՞ երեք բուհերի միավորման կամ դրանց հիմքի վրա նոր բուհ ձևավորելու հայտարարված նպատակի հետ, թե՞ միայն ակադեմիական քաղաքի ստեղծման շրջանակում է: ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, որ նույնպես աշխատանքային խմբի անդամ է, ասում է՝ դրանք առանձին դիտարկել չի կարելի:
Սիսակ Գաբրիելյան (ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Եթե մենք գնում ենք ոլորտի ամբողջական, գլոբալ բարեփոխումների, մի փոքր աննպատակահարմար է էդ ընթացքում առանձնացնել և 2-3 բուհի ինչ-որ կարճաժամկետ խնդիրներ լուծել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում աշխատանքային տարբերակով քննարկվում է Բրյուսովի անվան համալսարանը և Ֆիզկուլտուրայի ինստիտուտը Մանկավարժակական համալսարանի հետ միավորելու, կրկնվող մասնագիտությունները խմբավորելու որոշման նախագիծ: Առաջին երկու բուհում սա բողոքի ալիք էր բարձրացրել, Մանկավարժականում նույնպես որոշ անհամաձայնություն ունեին: Հիմա, փաստորեն, ստացվում է՝ երեք բուհերին առնչվող փոփոխությունները չեն լինի ընդհանուրից անջատ:
Վարչապետի որոշման մեջ նշվում է, որ աշխատանքային խմբից ակնկալվում է բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք, որը կներառի առաջարկություն, օրինակ՝ նոր ձևավորվող բուհերի ցանկի, ուղղությունների ու բովանդակության, կրթական ծրագրերի ու դրանց հնարավոր միավորումների, ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ: Տեղեկություններ ուսանողների կանխատեսվող թվի, վերջին 10 տարիներին բուհերում դիմորդների ու շրջանավարտների, նաև համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների վերաբերյալ:
Գաբրիելյանը շեշտում է՝ հանձնաժողովն ուսումնասիրության արդյունքում պետք է ներկայացնի ընդամենը լուծման առաջարկներ:
Սիսակ Գաբրիելյան - Մտավախություն կա, որ այս աշխատանքային նեղ կազմով խումբը պետք է վերջնական, օրենքի նախագծերի տեսքով ճարտարապետաշինարարական նախագիծ ներկայացնի, թե ինչպիսի՛ն պետք է լինի ակադեմիական քաղաքը, թե քանի՛ բուհ պետք է մնա Հայաստանում: Էդպես չէ:
Աշխատանքային խմբի կազմում 9 հոգի է՝ Կառավարության, Ազգային ժողովի ու ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև Գիտության կոմիտեի, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահները: Որոշմամբ սահմանվում է, որ աշխատանքային խմբի ղեկավարը ակնկալվող վերլուծական տեղեկանքը պետք է վարչապետին ներկայացնի մինչև նոյեմբերի 30-ը:
Սիսակ Գաբրիելյան - Շատ կարճ ժամանակ է, ըստ էության, այս բոլոր խնդիրները վերհանելու համար, բայց Կառավարության հետ մենք, ըստ էության, եկել ենք ընդհանուր համաձայնության, որ փուլ առ փուլ կգնանք:
Առաջին փուլում կներկայացվի առաջարկ, թե ինչպես են պատկերացնում բուհերի հնարավոր միավորման գործընթացը, դրանց ընդհանուր քանակն ու այն, թե որ բուհում ինչ կրթական ծրագրեր պետք է իրականացվեն, որ կրկնություններ չլինեն: Գաբրիելյանը նշում է՝ նպատակը ոչ թե ինչ-որ բուհեր միավորել, փակել, կրճատելն է, այլ նոր բուհ ստեղծելը՝ բարձր ստանդարտներին համապատասխան, այդ ստանդարտները ներդնելուց հետո միայն պահանջել բարձր որակի կրթություն բուհից, դասախոսից և ուսանողից:
Հեղինակ՝ Աննա Զախարյան