ԱՄՆ Կոնգրեսի ստորին և վերին պալատների զինված ուժերի հարցերով հանձնաժողովները համաձայնեցրել են 2023 թվականի պաշտպանական բյուջեի նախագիծը: Հաջորդ տարվա համար նախատեսվում է 858 միլիարդ դոլար: 2022 թվականի պաշտպանական բյուջեն կազմել է 778 միլիարդ դոլար։
Նախագծի համաձայն՝ հավելյալ միջոցներ կհատկացվեն ամերիկյան հետախուզության, նոր ինքնաթիռների, նավերի, ռազմական փախադրամիջոցների, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների համար։ Օրենսդիրները մտադիր են նաև առաջիկա հինգ տարվա ընթացքում մինչև 10 միլիարդ դոլար հատկացնել Թայվանին աջակցության համար: Նախագծի համաձայն՝ նախատեսվում է առնվազն 800 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար։ Միաժամանակ, պահանջվում է գնահատել Կիևին ամերիկյան օգնության վերահսկողության համակարգը: Նախագիծը նախատեսում է նաև բացառել G20-ին և միջազգային մի շարք այլ կազմակերպություններին Ռուսաստանի ներգրավվածությունը:
Ակնկալվում է, որ այս շաբաթ փաստաթուղթը կներկայացվի Ներկայացուցիչների պալատի, այնուհետև Սենատի քվեարկությանը: Բյուջեի վերջնական նախագիծը կստորագրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
***
Եվրամիությունը հուսով է, որ առաջիկա օրերին հնարավոր կլինի համաձայնության հասնել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն տրամադրելու շուրջ՝ միության տնտեսական խորհրդի նիստից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։
Նա տեղեկացրել է, որ նիստի ընթացքում կառույցի անդամ երկրներից մեկը դեմ է արտահայտվել Կիևին աջակցության փաթեթի ընդունմանը: Լրատվամիջոցները նշում են, որ խոսքը Հունգարիայի մասին է: Ավելի վաղ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը, նրա խոսքով, «թանկ է նստում» Արևմուտքի վրա։
***
Ռուսական նավթի գնի վերին սահմանաչափի մասին Եվրամիության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Թուրքիան արգելել է շուրջ 18 մլն բարել նավթ տեղափոխող առնվազն 20 լցանավի մուտքը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներ՝ հայտնում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալով՝ գրեթե բոլոր լցանավերը նավթ են տեղափոխում Ղազախստանից, սակայն դուրս են եկել ռուսական նավահանգիստներից։
Bloomberg-ը նշում է, որ Թուրքիան, չցանկանալով խախտել Եվրամիության որոշումը, փոխադրողներից պահանջել է պահովագրել բեռները։ Ապահովագրական կառույցները, սակայն, այս պահին հրաժարվում են համապատասխան փաստաթղթեր տրամադրելուց։
***
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ելույթ է ունեցել Անվտանգության խորհրդի նիստում, հայտարարել՝ Մոսկվան հասնելու է Ուկրաինայում իր նպատակներին հնարավոր բոլոր մեթոդներով:
«Եթե այդ նպատակներին հնարավոր չլինի հասնել խաղաղ ճանապարհով և Ուկրաինան դարձնել նորմալ հարևան պետության, որից ոչ մի վտանգ չի սպառնա, Մոսկվան այդ նպատակին հասնելու է ռազմական ճանապարհով»,- ասել է Նեբենզյան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի գործողությունների պատասխանատվությունը, Նեբենզյայի ձևակերպմամբ, կրում են Զելենսկու կառավարությունը և նրա արևմտյան հովանավորները։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հավելել է՝ Մոսկվան պատրաստ է բանակցել և վերացնել այն պատճառները, որոնք ստիպել են սկսել ռազմական գործողությունները:
Լրատվամիջոցները հայտնում են, որ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգի Կիսլիցայի ելույթից առաջ Նեբենզյան լքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը: