Վրաստանի իշխանությունները չեն կարող և չեն տրամադրի ռազմական օգնություն Ուկրաինային` հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն։
Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովն ավելի վաղ հայտնել էր, որ Կիևը բազմիցս դիմել է Թբիլիսիին ռազմական կամ երկակի նշանակության տեխնիկա տրամադրելու խնդրանքով, սակայն դիմումներն անտեսվել են:
«Վրաստանը լիակատար և բացարձակ քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային։ Մենք նաև մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում մեր հնարավորությունների սահմաններում, իսկ ռազմական օգնություն չենք կարող և չենք տրամադրի»,- ասել է Մդինարաձեն։
Ռազմական աջակցությունից հրաժարվելը պատգամավորը բացատրել է նրանով, որ Վրաստանն իր խնդիրներն ունի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տեսքով։