Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։ Այս մասին ասված է Շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Հիշեցնենք, որ 2022 թվականի համար սիգի արդյունագործական որսի ընդհանուր չափաքանակ էր սահմանվել 600 տոննան, որից որսվել է 554.86 տոննա (548604 կգ) սիգ:
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվի դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:
Նախարարի տեղակալները ներկաների հետ քննարկել են Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների կետերը, դրանց ուղղությամբ արված քայլերը:
Միջոցառման ծրագրի համակատարող կողմ հանդիսացող գերատեսչություների ներկայացուցիչներն հանդես են եկել համառոտ զեկույցներով։
Քննարկվել են միջոցառումներն առավել համակարգված իրականացնելու քայլեր։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը գործընկերներին ներկայացրել է նախարարության կողմից Սևանա լճի հարակից համայնքների բնակիչների և ձկնորսների հետ ամբողջ տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները, որոնք ունեցել են մեկ գլխավոր նպատակ՝ արգելքի ժամանակահատվածում քաղաքացիների շրջանում բացառել սոցիալական խնդիրները։
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն անդրադարձել է օրինախախտների բացահայտման և կանխարգելիչ միջոցառումներն ավելի վաղ մեկնարկելու հարցերին։
Վերահսկողության միջոցառումների շուրջ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ»,- նշված է գրառման մեջ։