ԱՄՆ-Ը ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է. ԲԼԻՆՔԵՆ
Ուկրաինայի իրադրությունը, ամենայն հավանականությամբ, կկարգավորվի Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների և դիվանագիտության միջոցով։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը The Wall Street Journal թերթի համաժողովում։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության կողմնակից է, այլ ոչ թե «ֆիկտիվ զինադադարի»։ «Տեղի ունեցածի համար պատասխանատվության հարցը շատ կարևոր է: Ես չեմ ցանկանում նախապես ասել, բայց կարևոր է, որ տեղեկատվությունը հավաքվի, և Ուկրաինան անհրաժեշտության դեպքում կարողանա պատասխանատվության ենթարկել այս իրադարձությունների համար: Մենք նաև աջակցում ենք միջազգային քրեական դատարանի ջանքերին՝ ապացույցներ և տեղեկատվություն հավաքելու համար: Քննարկումներ են ընթանում ինչ-որ անկախ դատարանի, տրիբունալի հիմնադրման մասին։ Այս հարցը սեղանին է»,- ասել է Բլինքենը: Ռուսաստանի արտգործնախարարությունը ավելի վաղ վրդովմունք էր հայտնել արևմտյան երկրներում Ուկրաինայի իրադարձությունները հետաքննելու համար տրիբունալ ստեղծելու ծրագրերի կապակցությամբ: Գերատեսչությունում հայտարարել էին, որ նման քաղաքականությունը երկակի ստանդարտների կիրառման օրինակ է:
ԱԼԻԵՎԸ՝ ԿՈՌԼԵՈՆԵ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ «ԽԱՌՆՈՒՐԴ». TWP
Ամերիկյան The Washington Post օրաթերթն անդրադարձել է Աֆղանստանում պատերազմի ժամանակ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների համագործակցությանը:
Նշվում է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանության՝ 2009 թ. գաղտնի դիվանագիտական հեռագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բնութագրվել է որպես Մայքլ և Սոնի Կոռլեոնեի «խառնուրդ»: Ըստ տեղակագրի՝ Ալիևի նպատակն այնպիսի քաղաքական միջավայրի ստեղծումնն է, որտեղ նրա դինաստիան հարցականի տակ չի դրվում: «Ավելի ուշ Ալիևն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, նշանակեց փոխնախագահ։ Երկուսն էլ մնում են իրենց պաշտոններում»,- նշել է պարբերականը և շարունակել. «Մի կողմ թողնելով Ադրբեջանում նման կոռուպցիայի մշակույթի հետ կապված մտավախությունները՝ Պենտագոնի պաշտոնյաներն Ալիևին համոզել են բացել երկրի սահմաններն ու օդային տարածքը Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման կարևորագույն ուղիների համար»։
Ըստ պարբերականի՝ փոխարենը ամերիկացի պաշտոնյաները խոստացել են ավելի սերտ դիվանագիտական գործընկերություն Ալիևի հետ և 369 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական պայմանագրեր են փոխանցել Silk Way Airlines ադրբեջանական բեռնափոխադրողին, որը, ամերիկացիների կարծիքով, վերահսկում էր Ադրբեջանի կառավարությունը:
Հոդվածում նշվում է Ադրբեջանի հետ գործարքի պատասխանատու երկու գեներալի անուն՝ Դունկան ՄըքՆաբ և Ուիլիամ Ֆրեզեր Երրորդ: Հոդվածի հեղինակի խոսքով՝ ՄըքՆաբը 2011թ. զինվորական ծառայությունից թոշակի անցնելուց հետո աշխատանքի է ընդունվել Silk Way Airlines ավիաընկերությունում և ստացել ամսական 10000 դոլար՝ մեկ ամսվա ընթացքում աշխատելով մի քանի օր: Նա նաև երեք ամիսը մեկ անգամ եղել է Բաքվում՝ ավիաընկերությանը խորհրդատվություն մատուցելու համար:
Ֆեյզերը, թոշակի անցնելով 2014 թ., նույնպես պայմանագիր է կնքել նույն ավիաընկերության հետ՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարվելով օրական 5000 դոլար: Ըստ ԱՄՆ կանոնակարգի՝ պաշտոնաթող զինվորականները պետք է ստանան այլ երկրներում աշխատանքի դաշնային թույտվություն, եթե հրավիրող ընկերությունը մասամբ կամ ամբողջությամբ պատկանում է որևէ երկրի կառավարությանը: ՄըքՆաբը նման թույտվության համար չի դիմել՝ հիմնավորելով, որ ադրբեջանական ընկերությունը չի պատկանում կառավարությանը: Սակայն Ֆեյզերն աշխատանքի անցնելուց առաջ ստացել է դաշնային թույլտվություն: Պատասխանելով հարցին, թե արդյոք տեղյա՞կ է, որ Silk Way Airlines ընկերության բաժնետերերի մեջ նշվում է նաև Իլհամ Ալիևի դուստրերից մեկի անունը՝ պաշտոնաթող գեներալը պատասխանել է, որ դա պարզապես լրատվամիջոցների վարկածներից մեկն է:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը Բաքվում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են ռազմական ոլորտում փոխգործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Հասանովն ընդգծել է երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքի ընդլայնման կարևորությունը: Աքարն իր հերթին նշել է, որ Բաքվի և Անկարայի միջև «ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա»:
Թուրքիայի ՊՆ ղեկավարը Ադրբեջան է ժամանել համատեղ լայնածավալ զորավարժությունների ժամանակ: Նրա պատվիրակության կազմում են Թուրքիայի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի հրամանատարը, Թուրքիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերի հրամանատարները։