Ազգային ժողովը քննարկում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ըստ այդմ՝ ՍԴ նախագահի, փոխնախագահի, դատավորի համար մինչ այդ սահմանված 80 տոկոս հավելումը նվազեցվում է ու դարձվում 70 տոկոս: Հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար սահմանված 70 տոկոս հավելումը նվազեցվում է՝ դարձնելով 60 տոկոս:
Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներին և վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորների հավելումները 60 տոկոսից նվազեցվում են ու դարձվում 55 տոկոս:
Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնողների և կոմիտեի ծառայողների 100 տոկոսի չափով հավելումը կդառնա 92 տոկոս:
«Այս նվազեցումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2023 թվականին նվազագույն աշխատավարձը բարձրացվեց համապատասխան օրենքով ու դարձավ 75 հազար դրամ, ինչը հանգեցրեց նրան, որ կառավարության կողմից առաջարկված «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով բազային աշխատավարձը սահմանվեց 83 հազար 200 դրամ, որը համապատասխանում է վարձատրության մասին օրենքով սահմանված կանոնին, այն է՝ բազային աշխատավարձը պիտի կազմի նվազագույն անվանական ամսական աշխատավարձի 80-100 տոկոսը: Սա հանգեցնելու էր նրան, որ պիտի բոլորի աշխատավարձերը բազայինի համամասնությամբ բարձրանային:
Որպեսզի այս հավելումներով պայմանավորված՝ լրացուցիչ աշխատավարձի և հիմնական աշխատավարձի համախառն եկամտով խզվածքը այլ համանման գործառույթներ իրացնող անձանց միջև չմեծանար, Կառավարության կողմից այս առաջարկը ներկայացվում է ձեր դատին»,- ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը: