Ամերիկյան The Washington Post օրաթերթն անդրադարձել է Աֆղանստանում պատերազմի ժամանակ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների համագործակցությանը:
Նշվում է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանության՝ 2009 թ. գաղտնի դիվանագիտական հեռագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բնութագրվել է որպես Մայքլ և Սոնի Կոռլեոնեի «խառնուրդ»: Ըստ տեղեկագրի՝ Ալիևի նպատակն այնպիսի քաղաքական միջավայրի ստեղծումն է, որտեղ նրա դինաստիան հարցականի տակ չի դրվում: «Ավելի ուշ Ալիևն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, նշանակեց փոխնախագահ։ Երկուսն էլ մնում են իրենց պաշտոններում»,- նշել է պարբերականը և շարունակել. «Մի կողմ թողնելով Ադրբեջանում նման կոռուպցիայի մշակույթի հետ կապված մտավախությունները՝ Պենտագոնի պաշտոնյաներն Ալիևին համոզել են բացել երկրի սահմաններն ու օդային տարածքը Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման կարևորագույն ուղիների համար»։
Ըստ պարբերականի՝ փոխարենը ամերիկացի պաշտոնյաները խոստացել են ավելի սերտ դիվանագիտական գործընկերություն Ալիևի հետ և 369 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական պայմանագրեր են փոխանցել Silk Way Airlines ադրբեջանական բեռնափոխադրողին, որը, ամերիկացիների կարծիքով, վերահսկում էր Ադրբեջանի կառավարությունը:
Հոդվածում նշվում է Ադրբեջանի հետ գործարքի պատասխանատու երկու գեներալի անուն՝ Դունկան ՄըքՆաբ և Ուիլիամ Ֆրեզեր Երրորդ: Հոդվածի հեղինակի խոսքով՝ ՄըքՆաբը 2011 թ. զինվորական ծառայությունից թոշակի անցնելուց հետո աշխատանքի է ընդունվել Silk Way Airlines ավիաընկերությունում և ստացել ամսական 10000 դոլար՝ մեկ ամսվա ընթացքում աշխատելով մի քանի օր: Նա նաև երեք ամիսը մեկ անգամ եղել է Բաքվում՝ ավիաընկերությանը խորհրդատվություն մատուցելու համար:
Ֆեյզերը, թոշակի անցնելով 2014 թ., նույնպես պայմանագիր է կնքել միևնույն ավիաընկերության հետ՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարվելով օրական 5000 դոլար: Ըստ ԱՄՆ կանոնակարգի՝ պաշտոնաթող զինվորականները պետք է ստանան այլ երկրներում աշխատանքի դաշնային թույտվություն, եթե հրավիրող ընկերությունը մասամբ կամ ամբողջությամբ պատկանում է որևէ երկրի կառավարությանը: ՄըքՆաբը նման թույտվության համար չի դիմել՝ հիմնավորելով, որ ադրբեջանական ընկերությունը չի պատկանում կառավարությանը: Սակայն Ֆեյզերն աշխատանքի անցնելուց առաջ ստացել է դաշնային թույլտվություն: Պատասխանելով հարցին, թե արդյոք տեղյա՞կ է, որ Silk Way Airlines ընկերության բաժնետերերի մեջ նշվում է նաև Իլհամ Ալիևի դուստրերից մեկի անունը՝ պաշտոնաթող գեներալը պատասխանել է, որ դա պարզապես լրատվամիջոցների վարկածներից մեկն է:
ՄՈՆՂՈԼԻԱՅՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ
Մոնղոլիայում զանգվածային ցույցերի կապակցությամբ գումարված Ազգային անվտանգության խորհրդի նիստում կառավարության հրաժարականի և խորհրդարանի լուծարման հարց չի քննարկվել: Այս մասին հայտնել է Մոնղոլիայի վարչապետ Լուվսանամսրեյն Օյուն-Էրդենեն։ Նրա խոսքով՝ երկրի նախագահը պատրաստակամույթուն է հայտնել՝ աջակցելու համակարգային բարեփոխումներին, եթե դրանց աջակցի ժողովուրդը: Վարչապետը հավելել է, որ դեկտեմբերի 5-ին ցուցարարները մոտ 20 պահանջ և առաջարկ են ներկայացրել, այդ թվում ՝ ընտրական համակարգի բարեփոխման վերաբերյալ: Օյուն-Էրդենեն մտադրություն է հայտնել հնարավոր բարեփոխումները քննարկել կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ:
Մոնղոլիայում հակակոռուպցիոն ակցիաների ժամանակ ցուցարարները պահանջել են պատժել 12 միլիարդ դոլարի ածուխ գողացած պաշտոնյաներին: Նշվում է, որ Մոնղոլիայից արտահանված ածխի քանակը տարբերվում է Չինաստանի ստացած ծավալից: Մոնղոլիայի վարչապետը ածխի զանգվածային հափշտակությունների հետևում կանգնած մարդկանց մեղադրել է Ուլան Բատորում բողոքի ցույցերը քաղաքական նպատակներով օգտագործելու համար:
ՇՎԵԴԻԱՆ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ՉԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՔԱՐ
Թուրքիան կվավերացնի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ արձանագրությւոնները միայն այդ երկրների ստանձնած պարտավորությունների կատարումից հետո, ինչը մինչ օրս տեղի չի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Այդ պարտավորությունների կատարումից հետո մեր խորհրդարանը որոշում կկայացնի։ Մենք ուշադիր հետևում ենք Շվեդիայում և Ֆինլանդիայում տիրող իրավիճակին։ Ցավով ենք նշում, որ այդ երկրներում դեռ շարունակվում են սադրիչ գործողությունները։ Ակնկալում ենք, որ և Շվեդիան, և Ֆինլանդիան կոնկրետ քայլեր կձեռնարկեն»,- ընդգծել է Աքարը։
Նրա խոսքով՝ Ստոկհոլմի և Հելսինկիի հետ ստորագրված փաստաթղթերը ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության գործընթացի սկիզբն են միայն:
ՊԵԿԻՆՈՒՄ ՄԵՂՄԱՑՎԵԼ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Պեկինի քաղաքային իշխանությունները դեկտեմբերի 6-ից մեղմացրել են COVID-19-ի պատճառով գործող մի շարք սահմանափակումներ։ Այժմ Չինաստանի մայրաքաղաքում անհրաժեշտ չէ ներկայացնել թեստի բացասական պատասխան՝ սուպերմարկետներ, առևտրի կենտրոններ, որոշ հասարակական վայրեր մուտք գործելիս. բավական կլինի հատուկ հավելվածում սկանավորել QR կոդը։
Մշտական բնակիչների համար վերացվել է նաև բնակելի համալիրներ մուտք գործելիս ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը՝ փոխանցում է Reuters-ը։
ՊՇՌ թեստի բացասական պատասխանը դեռևս անհրաժեշտ է ինտերնետ սրճարաններ, բարեր, գիշերային ակումբներ, շոգեբաղնիքներ, կարաոկե ակումբներ, մարզադահլիճներ, սննդի կետեր մուտք գործելու համար: Թեստը պետք է հանձնված լինի ոչ ուշ, քան 48 ժամ առաջ: