Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի ղեկավար Ժաննա Հարությունյանին և փորձագետ Հասմիկ Մանասյանին։
Հանդիպման սկզբում ժաննա Հարությունյանը ներկայացրել է ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի ուղղությունները, նպատակները, իրականացված աշխատանքների արդյունքները և առաջիկա անելիքները։ Ծրագիրն իրականացվում է 2019 թվականից և աջակցություն է ցուցաբերում Հայաստանի 52 բազմաբնակավայր համայնքներին։
Շողակաթ համայնքում, որն արդեն ընդգրկված է Ճամբարակ խոշորացված համայնքի կազմում, ընթացքի մեջ է «Խելացի ոռոգման ծառայության ներդրման» ծրագիրը, որը հնարավորություն կտա՝ ոռոգելի դարձնել Արտանիշ և Շողակաթ բնակավայրերի շուրջ 500 հեկտար հողատարածք։
Ծրագրի փորձագետ Հասմիկ Մանասյանի ներկայացմամբ՝ Շողակաթում հիմնվող «Խելացի ոռոգում» համակարգը, որը Գեղարքունիքում առաջին ու բացառիկ կառույցը կլինի, նախատեսում է 30 հազար խորանարդ մետր տարողության օրվա կարգավորիչ ջրավազանի և կաթիլային կամ անձրևացնող ոռոգման համակարգերի տեղադրում։
Օրվա կարգավորիչ ջրավազանում ջուրը գարնանային վարարումների ընթացքում կուտակվում է ձնհալից կամ ջրաղբյուրներից, իսկ ամռան ընթացքում՝ 44 լիտր վայրկյան հզորության խորքային հորից։ «Խելացի ոռոգման» համակարգը իր մեջ ներառելու է գեոմեմբրանային օրվա կարգավորիչ ջրավազան, հիդրոօդերևութաբանական կայան, արևային համակարգերով աշխատող պոմպակայան, ինչպես նաև խելացի լուծումներով ջրաբաշխիչ կայաններ։
Ջրավազանը կառուցվելու է նորարական մոտեցմամբ՝ գետնափոր և գեոմեմբրանային ծածկույթով, որը ունի մի քանի անգամ ցածր արժեք, քան երկաթբետոնե ջրավազանը։ Ջրավազանը կառուցվելու է 8000 քառակուսի մետր տարածքի վրա, ունենալու է 4 մետր խորություն։
Այժմ ավարտված են չափագրման աշխատանքները, ավարտվել է ավազանի կառուցման համար հայտարարված մրցույթը, ընթացքի մեջ են ավազանի կառուցման հողային աշխատանքները։ Աշխատանքների իրականացման ընթացքին զուգահեռ՝ համայնքում կիրականացվի ծառայության սակագների և մատուցման ձևի հետ կապված հարցերի հստակեցում։
«Խելացի ոռոգում» համակարգը նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականի ընթացքում։
«Շողակաթում և Արտանիշում «Խելացի ոռոգում» համակարգի հիմնումը չափազանց կարևոր եմ համարում, կարծելով, որ այն իր նկատելի ու դրական ազդեցությունը կունենա հողերի մշակության ծավալների ավելացման, արդյունավետության բարձրացման, բնակչության կայուն զբաղվածության և եկամուտների ապահովման, իսկ առավելապես՝ գյուղատնտեսության զարգացման ու արդիականացման ուղղություններում։
Բայց այստեղ մի կարևոր նրբություն կա, այն, որ պետք է հետևողականորեն աշխատենք գյուղացիական տնտեսությունների հետ, նրանց բացատրենք, թե կոնկրետ որ մշակաբույսը կարող է ավելի լավ եկամուտ ու արդյունք ապահովել։
Եթե համակարգը գործի կաթիլային ոռոգման եղանակով, ապա պարզ է, որ շեշտը պետք է դրվի այգիների հիմնման վրա, իսկ անձրևացնող եղանակի դեպքում՝ հացահատիկի, կարտոֆիլի կամ այլ մշակաբույսերի արմատավորման և զարգացման վրա։ Այս առումով էլ մենք պետք է աշխատենք ու գործողությունները ծրագրենք համատեղ։
Եվ այս ծրագրի իրականացումը մինչև վերջ ապահովելու համար մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած աջակցություն»,- Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետը: