Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության համաձայնագրի դրույթներին վերաբերող մեկնաբանությունների երրորդ փաթեթը: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ սա հայկական կողմի ավելի վաղ ներկայացրած առաջարկների արձագանքն է: Էդուարդ Աղաջանյանն այլ մանրամասներ չի հայտնում:
Էդուարդ Աղաջանյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) - Քանի որ սրանք, բնականաբար, հրապարակման ոչ ենթակա մանրամասներ են և քննարկումներ են, ես չեմ կարող բարձրաձայնել և հրապարակայնացնել:
Աղաջանյանը չի բացառում մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը, անդրադառնում է նաև օրեր առաջ ադրբեջանցիների կողմից Լաչինի մարդասիրական միջանցքը փակելուն:
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված է՝ միջանցքը պետք է գործի միայն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ու չպետք է խոչընդոտվի Հայաստանի և Արցախի կապը»,- նշում է Աղաջանյանը:
Էդուարդ Աղաջանյան - Այն, ինչ տեղի է ունեցել մի քանի օր առաջ Լաչինի միջանցքի տարածքում, և որի արդյունքում դե ֆակտո այն փակվել է, բնականաբար, խնդրահարույց է, և մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահ առաքելության հետ համատեղ պետք է անենք առավելագույնը, որ նման իրավիճակներ չկրկնվեն:
Շարունակելով Արցախի թեման` «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները դարձյալ անդրադառնում են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:
Մարիա Կարապետյանն ընդգծում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա միջպետական սահման, որը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ:
Մարիա Կարապետյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Հակառակ պարագայում կստացվի, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն իսկապես տարածքային վեճ է:
Էդուարդ Աղաջանյանը վերահաստատում է հայկական կողմի դիրքորոշումը՝ արցախյան հիմնահարցի էությունը եղել և շարունակում է մնալ ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիր:
Հեղինակ` Նորայր Շողիկյան