«Նույնականացման քարտերի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի` մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագիրը սահմանելը: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Կառավարության հեղինակած ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի հերթական նիստում:
Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թ. փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը` 2023 թ. փետրվարի 15-ից:
Ժամանակավորապես՝ մինչև 2024 թ. հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը, մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:
Պատգամավոր Զարուհի Բաթոյանը, նշելով, որ նույնականացման քարտերի տրամադրման հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջացել, հետաքրքրվել է ոլորտի կարգավորման գործընթացից:
«Ներկա պահին, բոլոր այն անձանց, ովքեր կարիք ունեն իրենց ամենօրյա աշխատանքում օգտագործելու նույնականացման քարտեր, անխտիր տրամադրվում են: Դրանց տրամադրումը կիրականացվի մինչև 2023 թ. փետրվարի 15-ը, որից հետո կտրամադրվեն նույնականացման քարտեր՝ առանց էլեկտրոնային կրիչի»,- պարզաբանել է Արա Ֆիդանյանը:
Անդրադառնալով Անձնագրերի և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում առաջացած հերթերին՝ հիմնական զեկուցողը պարզաբանել է, որ պատճառներից մեկն էլ այն է, որ ստորաբաժանումների կողմից տրամադրվող փաստաթղթերի ծավալն էականորեն աճել է:
Փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ 2020 թ. տրամադրվել է 70 273 նույնականացման քարտ, իսկ 2022 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 155 766:
Հարակից զեկուցող Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ 2012 թ. տրամադրվող կենսաչափական անձնագրերը չեն բավարարում այսօրվա պահանջներին, չեն ներառում այն բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են: Հետևաբար, ՀՀ փոխվարչապետի կողմից ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, և մշակվում են այն փաստաթղթի ձևն ու բովանդակությունը, որը պետք է լինի 2024 թ. հունվարից հետո: