ԴԺՎԱՐ Է ԱՍԵԼ՝ ԵՐԲ ԿԿՆՔՎԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ. ԲԱՅՐԱՄՈՎ
Ադրբեջանը բարձր է գնահատում Ռուսաստանի դերը Երևան-Բաքու կարգավորման գործում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Այս հարցում նա կարևորել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները և հերթական անգամ մեղադրել հայկական կողմին` այդ պայմանավորվածությունները խախտելու համար:
Ջեյհուն Բայրամով (Ադրբեջանի ԱԳ նախարար) - Ադրբեջանը մշտապես հանդես է եկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և հաշվի առնելով երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ Կարծում ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը լավ հիմք են առաջ շարժվելու համար:
Ադրբեջանը հինգ հիմնարար սկզբունքի հիման վրա պայմանագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել հայկական կողմին։ Դրանից հետո բանակցությունների երկու փուլ է տեղի ունեցել։ Տեղեկացնեմ նաև, որ հայկական կողմին արդեն ներկայացվել է ադրբեջանական կողմի մեկնաբանությունների երրորդ փաթեթը: Կարծում ենք՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլը հնարավոր կլինի անցկացնել մինչև տարեվերջ:
Բայրամովն ընդգծել է՝ չնայած բանակցային գործընթացում դրական դինամիկային, խաղաղության պայմանագրի քննարկման, հաղորդակցությունների բացման, ինչպես նաև սահմանների սահմանազատման հարցերում առաջընթացը, նրա ձևակերպմամբ, խիստ սահմանափակ է։
Ջեյհուն Բայրամով - Դժվար է ասել` երբ կկնքվի խաղաղության պայմանագիրը: Ադրբեջանը պատրաստվում է հնարավորինս արագ ավարտել այդ գործընթացը։ Սակայն կարճ ժամանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասությունների ողջ կծիկը քանդելը քիչ հավանական է թվում:
Ռուսաստանի ԱԳ նախարարն էլ, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ռուսական տարբերակին, նշել է, որ Մոսկվան իր առաջարկները ներկայացրել է դեռ տարեսկզբին, որոնց, Լավրովի խոսքով, կողմերն ընդհանուր առմամբ դրական են արձագանքել։
ՌԴ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ԼԱՎՐՈՎ
Սերգեյ Լավրով (Ռուսաստանի ԱԳ նախարար) - Մենք պատրաստ ենք շարունակել աջակցությունը: Իհարկե, կարևոր է տարբերակել հիմնարար ուղղությունները։ Այս առումով շրջադարձային նշանակություն ունեն հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունները: Նրանք հաստատեցին, որ առկա խնդիրները ցանկանում են լուծել ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն:
Անդրադարձ է եղել նաև վերջերս Ֆրանսիայի խորհրդարանի կողմից «Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին» բանաձևի ընդունմանը, ինչպես նաև Բաքվի մեղադրանքներին, թե Փարիզը հայամետ և հակաադրբեջանական քաղաքականություն է վարում, ուստի չի կարող մասնակցել Երևան-Բաքու կարգավորմանն ուղղված բանակցություններին:
Ջեյհուն Բայրամով - Ասել, որ ամեն ինչ դժվար է, շատ մեղմ ձևակերպում է։ Որոշ երկրներ, որոնք անմիջականորեն ներգրավված էին բանակցային գործընթացում, առաջնորդվում են ներքաղաքական օրակարգով՝ մեծ վնաս հասցնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը։ Այս հարցում հիմնական պատասխանատվությունը պետք է ստանձնեն հայկական և ադրբեջանական կողմերը: Տարբեր ուժերի՝ տարածաշրջանում իրենց ազդեցությունը մեծացնելու փորձը բացասական երևույթ է։
ԱՆԴՐԱԴԱՐՁ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ
Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում երկու երկրի ԱԳ նախարարները կարևորել են նաև Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը: Լավրովը տեղեկացրել է, որ այդ հարցը պարբերաբար քննարկվում է նախագահների և կառավարությունների ղեկավարների մակարդակով, իսկ վերջին շրջանում այդ քննարկումներն ակտիվացել են՝ հաշվի առնելով այն փաստը, որ նախագիծը կարող է արդյունավետ լինել նաև Իրանի և համաշխարհային տնտեսության համար։
Ռուս դիվանագետը վստահեցրել է, որ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը թույլ կտա Ասիայի և Եվրոպայի միջև փոխադրումներ իրականացնողներին խնայել իրենց ժամանակը և ֆինանսական ռեսուրսները:
Ջեյհուն Բայրամովը համակարծիք է՝ Հյուսիս-հարավ նախագծի արդիականությունն ավելի է աճել: Նա ընդգծել է, որ այդ գործընթացը պետք է դիտարկվի առավել լայն համատեքստում:
Ջեյհուն Բայրամով - Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցը նույնպես կապ ունի Հյուսիս-հարավ նախագծի հետ: Թույլ տվեք հիշեցնել, որ Հայաստանի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանին կապող ճանապարհը եղել է դեռ խորհրդային տարիներին։ Այս երկաթգիծը կապ ունի Իրանի երկաթուղու հետ՝ Ջուլֆայով։ Այս երթուղին կարող է Հյուսիս-հարավ ծրագրի մեկ այլ ճյուղավորում դառնալ: Նաև նշեմ, որ Ադրբեջանն արդեն իր տարածքում սկսել է նախագծի իրականացումը: 2023 թվականին այն կավարտվի՝ հասնելով մինչև Հայաստանի հետ սահման։
Նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում լրագրողները հարց են հնչեցրել նաև այն մասին, որ դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ, մի քանի ժամով փակել էին Լաչինի միջանցքը:
Սերգեյ Լավրով - Բանակցություններում այս թեմային որոշակի ժամանակ ենք հատկացրել: Ադրբեջանական կառույցները տեղում աշխատանքներ են վարում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մասնակցությամբ։
Լավրովն ամփոփել է՝ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը առաջնահերթ նշանակություն ունի: