Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը պաշտոնական այցով Փարիզում էր:
Պատվիրակության կազմում էր նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Այցի ընթացքում Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է գործընկերոջ՝ Փարիզի քաղաքապետի տեղակալ Առնո Նգաչայի հետ:
Շնորհակալություն հայտնելով Փարիզի քաղաքային խորհրդին ի պաշտպանություն հայ ժողովրդին ընդունած բանաձևի համար՝ Երևանի քաղաքապետի տեղակալը մեծապես կարևորել է Փարիզի հետ գործընկերային և բարեկամական հարաբերությունները: Լևոն Հովհաննիսյանը նաև վստահություն է հայտնել, որ հետագա համատեղ ջանքերի շնորհիվ կարող է էապես մեծացնել համագործակցության արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող երկկողմ համագործակցությանն առնչվող խնդիրներ, մասնավորապես՝ կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտում:
Երևանյան պատվիրակությունը հանդիպել է նաև Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժան-Լյուկ Դըվինազի հետ։ Բարձր գնահատելով սենատոր Դըվինազի նվիրվածությունը հայ-ֆրանսիական բարեկամությանը՝ Լևոն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Սենատի վերջերս ընդունած բանաձևը համահեղինակելու համար, նաև մեծապես արժևորելով 44-օրյա պատերազմի ընթացքում ու նաև դրանից հետո բարեկամ Ֆրանսիայի՝ հայ ժողովրդի հանդեպ ուշադրությունն ու աջակցությունը:
Փարիզում գտնվող փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի խորհրդական ԱՆՆ-Լուիս Մեսադյոի հետ: 2011թ. հաստատված երկկողմ բարեկամական և գործընկերային կապերը թարմացվել են Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև վերջերս ստորագրված եռամյա համագործակցության ծրագրով։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ փոխգործակցությունը կլինի շարունակական:
Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել իրականացնելու համատեղ արդյունավետ ծրագրեր, որոնք կծառայեն հետագա գործակցության ամրապնդմանն ու զարգացմանն։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ժակ Պերրինի և նախկին քաղաքապետ, այժմյան սենատոր Ֆիլիպ Պեմեզեկի հետ:
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաքը գործակցում են դեռևս 2006 թվականից: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնելու աշակերտների փոխանակման, ինչպես նաև մշակութային համատեղ շարունակական ծրագրեր:
Պատվիրակությունն այցելել է Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետարանի հարակից այգի, որտեղ տեղադրված է Երևանի քաղաքապետարանի նվեր տուֆակերտ խաչքարը։
Երևանյան պատվիրակությունը մասնակցել է նաև «Քաղաքները կենսաբազմազանության համար» (C4B) միջազգային աշխատաժողովին: Փարիզի քաղաքապետարանի, Համաշխարհային բանկի, «Էքսպերտիզ Ֆրանս» և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցել են մոտ երկու տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը աշխատաժողովի ընթացքում ներկայացրել են կայուն զարգացման նպատակների հիմքով Երևանի ռազմավարական պլանը, «Երևան՝ կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը, քաղաքային կենսաբազմազանության ռազմավարության իրագործման հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները:
Ներկայացվել են նաև Երևանում իրականացված և ընթացիկ կանաչ նախաձեռնությունները, դրանց գործիքակազմերը: Երևանյան պատվիրակության անդամները մասնակցել են նաև պլենար քննարկումների և ծանոթացել այլ պետությունների փորձին ու իրագործած ծրագրերին: