Նոյեմբերի 28-30-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացվել է Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 17-րդ վեհաժողովը, որի նպատակը անդրազգային հանցագործության դեմ պայքարի հեռանկարների քննարկումն էր:
Վեհաժողովն անցել է «Գործենք միասին համաշխարհային սպառնալիքների դեմ» խորագրի ներքո:
Աշխատանքներին մասնակցում էր Ինտերպոլի 142 անդամ երկրների շուրջ 300 պատվիրակ, Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին, Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը, Գործադիր կոմիտեի անդամները, այլ բարձրաստիճան հյուրեր:
Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին բացման խոսքում ընդգծել է ԱԿԲ-ների դերը Ինտերպոլի գործունեության ոլորտում՝ նշելով, որ ԱԿԲ-ները ամուր կամուրջ են Կազմակերպության ու անդամ երկրների ոստիկանական և իրավապահ մարմինների միջև:
Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը իր խոսքում հատկապես կարևորել է հանցավորության դեմ պայքարում ազգային ոստիկանական մարմիններին ժամանակին և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու հարցը:
Քննարկվել են քրեական ոստիկանական միջազգային համագործակցության անդամ երկրների ԱԿԲ-ների հետագա զարգացման և կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես` ազգային մակարդակում իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի տվյալների պահոցների առավել ընդլայնված օգտագործումը, տեղեկատվության փոխանակման անվտանգության ապահովումը, կիբեռհանցավորության, մարդկանց թրաֆիքինգի և ապօրինի միգրացիայի, կազմակերպված հանցավորության, երեխաների սեռական շահագործման հարցում անդամ երկրներին աջակցության տրամադրումը, ինչպես նաև օժանդակությունը անդրազգային ահաբեկիչներին հայտնաբերելու և նույնացնելու ոլորտում:
2023 թ. լրանում է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի ստեղծման հարյուրամյակը:
Այդ կապակցությամբ ներկայացվել են տնտեսական և տեխնոլոգիական վերափոխումներն ու զարգացումները, որոնք վերափոխել են աշխարհը Ինտերպոլի գոյության 100 տարիների ընթացքում, ինչպես նաև նոր սպառնալիքների դեմ պայքարի նոր մոտեցումների մշակման անհրաժեշտությունը:
ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը:
Նա հանդիպումներ է ունեցել Գլխավոր քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մի շարք անդամ երկրների ներկայացուցիչների հետ մասնակցել գործնական քննարկումների՝ ոստիկանական համագործակցությանը վերաբերող բազմաբնույթ հարցերի շուրջ: