Վերջապես, Սարալանջի մացառուտ հիշեցնող վերջին կտորին էլ ծառատունկի հերթը հասավ։ Տարիներ շարունակ քննարկվող, Երևանի երկու հատվածում՝ այս և Ծիծեռնակաբերդի բարձունքում նախատեսված անտառվերականգնման ծրագիրն իրականացվում է: Ցրտերն ընկնելու հետ նախորդ ամիսներին կատարած աշխատանքներն են ամփոփում մայրաքաղաքի կանաչապատման պատասխանատուները։
Արմեն Բեգոյան (Երևանի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն) - Աշնան ընթացքում տնկվել է 8000 ծառ և 60 հազարից ավելի թփատեսակներ։ Տարվա կտրվածքով՝ գարնանային տունկի ընթացքում 2 հա-ի անտառհիմնում, իսկ աշնանային տունկը՝ շուրջ 11 հա:
ՀՈԱԿ-ի տնօրենը պնդում է՝ տնկած ծառերն առաջիկա գարնանն արդեն տերև կբացեն-կկանաչեն, քանի որ հողում այս անգամ անհամեմատ խոշոր, արդեն արմատակալած շիվեր են դրել։ Քննադատողներին, թե «մեծ տնկիներն ավելի թանկ են, նույն ծախսով կարելի էր 100-ի փոխարեն 1000-ը տնկել», կառույցից հակադարձում են՝ իսկ ո՞ւր են նախկինում տասնյակ 1000-ով տնկածները․ հիմնական մասը չորացել է։ Հենց այդ պատճառով էլ որոշվել է փոխել մայրաքաղաքի ծառատունկի սկզբունքը։
Երևան քաղաքում այլևս տնկվելու են մոտ 10 տարեկան պատրաստի ծառեր՝ արդեն սաղարթով ու բնի հաստությամբ: Ասուհետև մենք որևիցե ծառ, թուփ սերմ չենք տեղադրի հողում, եթե ոռոգում այդտեղ չունենք: Այն ցայտնոտային մոտեցումը, որ մի տեղ ինչ պատահի՝ տնկենք, դույլով ջրենք՝ չի լինելու այդպիսի բան․․․
Ոռոգման փտած համակարգի փոխարեն՝ այս տարի 2 կմ մայր ջրագիծ է անցկացվել, 20 կմ՝ ներքին ցանց։ Շատ տեղերում դեռ շատ գործ կա անելու, բայց փորձում են աշխատանքն այնպես կազմակերպել, որ արդյունք երևա: Օրինակ՝ Մարզահամերգայինի հարակից գոտում տնկած ծառերը հաստատ արդեն ծարավ չեն մնա։ Ի դեպ, ծիրաներիների ու բարդիների հետ այստեղ՝ խառն անտառում, նաև պտղատուներ են տնկել, որ թռչուններն ու տարածքում դեռ ապրող սկյուռները ուտելիք ունենան։ Ինչ վերաբերում է Երևանի կանաչն ավելացնող ծառատեսակներին․ օդի աղտոտվածությունը մայրաքաղաքում այն աստիճանի է հասել, որ պետք է նախ, ինչպես ասում են՝ քաղաքի թոքերը բացել ու առաջնորդվել՝ «գնդաձև ակացիաները կարող են զարդարել միայն կառավարական կամարներով շենքերը» սկզբունքով՝ ասում է Արմեն Բեգոյանը։
Արմեն Բեգոյան - Մնացած բոլոր դեպքերում ես հակված եմ այն բանին, որ Երևանում տնկվեն փոշի կլանող ու օդը ֆիլտրող ծառեր, օրինակ սոսի, որ ունենք Երևան քաղաքում, նաև փշատերևները:
Փշատերևները, նաև կլոր տարին կանաչ մնալով, կկոտրեն Երևանի ձմեռային գորշությունը։ Գարնանը զբոսայգիներում վարդ-կակաչների հետ վառ-գունավոր ծաղկող ծառատեսակները կավելանան։ Երևանը լանդշաֆտային դիզայնի ոճ կունենա, ինչը ցանկալի է՝ մայթեզրյա սրճարան-ռեստորան-խանութների տերերը չփորձեն իրենց ճաշակով շեղել՝ տնտեսվարողներին հորդորում են կանաչապատման ՀՈԱԿ-ից։
էսպես կամայական պալմաներ-ցիկասներ տնկելը Երևան քաղաքում պետք է բացառենք, Երևանն ունի իր ձեռագիրը:
Ցրտերը ընկնելու հետ հիմա կանաչապատողների գործը մնացել է քաղաքապետարանի ջերմոց-տնկարանում գարնան համար սածիլներ աճեցնելը։ Քանի ձյունը չի եկել-նստել, վերջապես սարքը գնել են, կտրած ծառերի կոճղարմատներն էլ կմաքրեն, տեղ կբացեն նոր շիվերի համար: