Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը։
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Ողջունելով հյուրերին՝ նա բարձր է գնահատել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, որը շարունակում է զարգանալ։
ՀՀ ոստիկանության պետը նշել է ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող «Նելեգալ» միջոցառումը, որը դրական արդյունքներ է արձանագրում անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակում։ Նա նաև խոսել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և հայ իրավապահների՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի մասին։
Ելույթի վերջում Վահե Ղազարյանը արդյունավետ աշխատանք է մաղթել խորհրդի մասնակիցներին:
Համակարգող խորհրդի նիստը վարել է ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Գորովոյը։
Հայկական կողմին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նա խոսել է անօրինական միգրացիայի արդի մարտահրավերների և դրանց հակազդման ուղղությամբ համատեղ պայքարի մասին, ներկայացրեց նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը։
Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներում միգրացիոն իրավիճակի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումների, ՀԱՊԿ անդամ պետությունների միգրացիայի վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների հարցեր, ամփոփվել են «Նելեգալ-2022» միջոցառման արդյունքները։ Մասնակիցները քննարկել են նաև ապագա աշխատանքի խնդիրները։
ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստի ավարտին ստորագրվել է համապատասխան արձանագրություն։