ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ԲԴԽ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Քննչական կոմիտեի նախկին ղեկավարը՝ ԲԴԽ անդամի թեկնածու: Հայկ Գրիգորյանին առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիրը», հարցի քննարկմանն էլ ներկա էր միայն մեծամասնությունը: Թեկնածուն վստահեցրեց՝ ընտրվելու դեպքում պարտավորվելու է աշխատել օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա:
Գրիգորյանի հավաստիացումը Արսեն Թորոսյանի հարցի արձագանքն էր. պատգամավորը հետաքրքրվել էր՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ կանխելու միջամտությունները դատական իշխանության գործերին, ապահովելու համակարգի անկախությունը, այդ թվում՝ գործող իշխանությունից:
Հայկ Գրիգորյան (ԲԴԽ անդամի թեկնածու) - ԲԴԽ անդամն ունի ներազդելու մեկ եղանակ: Դա արդար քվեարկությունն է: Այն բոլոր դեպքերում, երբ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կամ լիազոր մարմնի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կհարուցվեն կարգապահական վարույթներ և կներկայացվեն ԲԴԽ-ի քննարկմանը, միանշանակ արդար քվեարկության միջոցով, օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքով, օգտագործելով իմ ձայնը, քվեարկելու եմ անաչառ՝ ի շահ իրավունքի գերակայության:
Պատգամավորների՝ փակ, գաղտնի քվեարկությունն այսօր եղավ: Արդյոք Գրիգորյանն ընտրվե՞լ է ԲԴԽ անդամի պաշտոնում՝ հայտնի կդառնա վաղը:
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ՝ 3 ՓՈՒԼՈՎ
Օրակարգային ամենամեծ փաթեթներից մեկը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումն էր: Երկար քննարկված փաթեթն առաջին ընթերցման է ներկայացվել, գործարկման սկիզբը նախանշվել՝ հունվարի 1-ը: Նոր փոփոխությունը ներդրվելու է աստիճանաբար՝ 3 տարում, 23-ին իրենց բոլոր եկամուտները պետության առջև բաց ներկայացնելու պարտավորություն կունենան պետական, համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնողները, նոտարները, 2022-ի տվյալով 1 միլիարդ դրամ և ավելի եկամուտ ունեցողներն ու նրանք, ովքեր 20 միլիոն դրամ կամ ավելի փոխառություն են ստացել:
Արման Պողոսյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - 2024 թվականից նախատեսվում է այդ շրջանակն ընդլայնել աշխատանքային պայմանագրերով աշխատանք կատարողներով, նաև քաղաքացիական պայմանագրերի հիման վրա ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող ռեզիդենտ քաղաքացիներով: Իսկ 2025-ին առաջարկվում է համակարգում ընդգրկել նաև մնացած ռեզիդենտ ֆիզիկական անձանց:
Հայտարարագիրը կկազմի ՊԵԿ-ը, քաղաքացուն կմնա միայն այն ստանալ, ստուգել, բաց թողած դաշտերը լրացնել ու ներկայացնել հարկայինին: Նոր ռեֆորմը, փոխնախարարի խոսքով, թույլ կտա բարձրացնել հարկային կարգապահությունը, պետության ոլորտային քաղաքականությունը դարձնել ավելի թիրախային ու հետվճարով խրախուսել կրթական ու առողջապահական ծառայությունների ձեռքբերումը: Պողոսյանը բացատրեց՝ կսահմանվի «ընտանիքի կազմ» հասկացությունը, սոցիալական ծախսերի առանձին տեսակները, թույլատրելի չափերը, որոնց մասով էլ, ըստ նախագծի, կկատարվեն նվազեցումները:
Պողոսյանը նաև զգուշացրեց՝ հայտարարագման թերի ներկայացումը կամ դա չանելը վարչական պատասխանատվություն է ենթադրելու: Ինչ վերաբերում է դրսում աշխատող, ընտանիքին գումար ուղարկող քաղաքացիներին, փոխնախարարի խոսքով՝ կա որոշում նրանց կյանքը չբարդացնել:
Արման Պողոսյան - Եթե մեր ռեզիդենտ քաղաքացիները արտերկրից ստանում են տարեկան մինչև 12 միլիոն դրամի չափով եկամուտներ, ապա այդ քաղաքացիներից ընդհանրապես չի պահանջվելու ներկայացնել այդ եկամուտներից արտերկրում վարված հարկի մասին տեղեկանքը: Եթե այդ բացառությունը չնախատեսվեր, նման տեղեկանք ներկայացնելու կարիք էր առաջանալու:
Համակարգի ներդումը չի ենթադրելու որևէ հարկատեսակի բարձրացում, կամ նորի ավելացում՝ շեշտեց փոխնախարարը: Գլխադասային՝ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալն էլ ընդգծեց՝ հարցն առնչվում է Հայաստանի՝ մոտ 2 միլիոն չափահաս բնակչությանը: Մինչև երկրորդ ընթերցումը կլինեն խորհրդարանական լսումներ, կլսեն մասնագետների կարծիքը: Հստակ կոչ են արել նաև ՊԵԿ-ին, որ անհրաժեշության դեպքում աջակցեն օգնության կարիք ունեցողներին:
ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
Ընդդիմությունը թեև առավոտյան նիստին ներկա էր, գրանցվել էր, այս ու մյուս հարցերի քննարկմանը չմասնակցեց: Օրակարգային մեկ այլ հարցով կենսաչափական անձնագրերի տրամադրումը քաղաքացիների կդադարեցվի հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով: Փոխոստիկանապետի խոսքով՝ որոշումը կայացվել է մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերը նորերով փոխարինելը:
Նույնականացման քարտերի տրամադրման կարգում էլ փոփոխություն կլինի, 2023-ի փետրվարի 15-ից հետո դրանք կլինեն առանց էլեկտրոնային պահոցների:
Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Այն էլեկտրոնային կրիչները, որ մեր կողմից օգտագործվում էին, ներդրվել են դեռևս 2011 թվականին, այևս չեն համապատասխանում չափորոշիչներին, չեն էլ արտադրվում, հետևաբար պաշարնեով համալրվելը իրատեսական չէր: Դրանով է պայամանավորված նաև, որ անցում կատարեցինք նամ կարգավորմանը:
Ըստ Ֆիդանյանի՝ 2020-ին 70 հազար 273 նույնականացման քարտ է տրամադրվել: Իսկ այս տարի դեկտեմբերի 1-ի դրությամբ արդեն՝ 155 հազար 766:
ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ
Կառավարությունն առաջարկում է նվազեցնել նաև մի շարք պաշտոններ զբաղեցող անձանց աշխատավարձի հավելումները: Փոփոխությունը կվերաբերի Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին, դատավորներին, Հակակոռուպցիոն դատարանի դատավորներին, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին, Վերաքննիչ քրեական ու քաղաքացական դատարանների առանձին դատավորներին: Նախագծի անհրաժեշտությունը, ըստ պատասխանատուի, առաջացել է բազային աշխատավարձի բարձրացումից հետո:
Վաչե Քալաշյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար) - Սա հանգեցնելու էր նրան, որ բոլոր աշխատավարձերը բազայինի համամասնությամբ պետք է բարձրանային: Եվ որպեսզի, այս հավելումներով պայմանավորված, լրացուցիչ աշխատավարձի և հիմնական աշխատավարձի համախառն եկամտով խզվածքն այլ համանման գործառույթներ իրականացնող անձանց միջև չմեծանար, Կառավարությունն այս առաջարկն է ներկայացնում:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաև թերլիցաքավորումների համար պատասխանատության խստացման նախագիծը:
Համահեղինակ Ծովինար Վարդանյանի խոսքով՝ միանվագ 500 հազար դրամ տուգանքի փոխարեն, խախտում թույլ տված տնտեսվարողը կտուգանվի 200 հազար դրամով՝ գումարած դրան՝ նախորդած եռամսյակի շրջանառության 1 տոկոսը:
Կներդրվի նաև հանրային վերահսկողության գործիք՝ լցակայանները կունենան QR կոդեր, որում նշված կլինի՝ երբ է տեղում վերջին անգամ ստուգում իրականացվել, ինչ խախտումներ են հայտնաբերվել, որքան է տուգանվել: