Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին ադրբեջանական անցակետ չի լինելու՝ Արցախի խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ փակ հանդիպմանը հայտարարել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովը:
Արթուր Հարությունյան (Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար) - Նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցքի տրամաբանության մեջ չի մտնում: Այսինքն՝ չի կարող այնտեղ լինել որևէ անցակետ՝ միջանցքի տարածքում` թե՛ սկզբում, թե՛ մեջտեղում, թե՛ վերջում, տարբերություն չկա, որտեղ, բացի ռուս խաղաղապահներից, վերահսկողություն կամ, չգիտեմ՝ մոնիթորինգ պետք է իրականացնի ադրբեջանական կողմը:
Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համաձայն է ադրբեջանական մաքսային կետ տեղադրել Լաչինի միջանցքում, իրականությանը չի համապատասխանում: Հայտարարությամբ հանդես է եկել Արցախի անվտանգության խորհուրդը:
«Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի արգելված առարկաների մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։ Բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից։ Ըստ այդմ, կրկին շեշտում ենք, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ կետ տեղակայելու մասին շրջանառվող լուրերը կեղծ են և չեն բխում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության դրույթներից»,- հայտնել են Արցախի ԱԽ-ից։
Արցախի խորհրդարանի պատգամավորները Վոլկովի հետ հանդիպմանը մատնանշել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիների սադրանքից հետո նրա հարցազրույցը ադրբեջանական լրատվամիջոցներին, թե իբր Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրվելու: Ըստ հրամանատարի` ինքը նման հայտարարություն չի արել, իր խոսքը խեղաթյուրվել է: Անդրեյ Վոլկովը, սակայն, նշել է՝ ռենտգեն-սկաներ տեղադրելու ադրբեջանական առաջարկը քննարկման փուլում է:
Դավիթ Գալստյան (Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար) - Մենք միաձայն՝ 5 խմբակցության ղեկավարներով, ասացինք, որ դա անընդունելի է ոչ միայն 5 քաղաքական ուժերի, այլ նաև ողջ արցախահայության կողմից, և թույլ չենք տալու նման սարք տեղադրել մեր ճանապարհին: Այն լրացուցիչ խոչընդոտ կհանդիսանա մեզ համար՝ մեր բնականոն կյանքը կազմակերպելու համար:
Վերջին օրերի ադրբեջանական սադրանքները, դեկտեմբերի 3-ին մի քանի ժամով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակումը հարված են Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությանը՝ զորակազմի հրամանատարի հետ հանդիպմանը նշել են քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու հիշեցրել, որ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ 5 կմ լայնությամբ միջանցքը երկու կողմից պետք է լինի բացառապես խաղաղապահների վերահսկողության ներքո: