2024 թվականից պարտադիր կդառնա ձկնաբուծարաններում գործունեությունը ջրի փակ շրջանառու համակարգով իրականացնելու պահանջը: Այսօր տեղեկացրել են Շրջակա միջավայրի նախարարություն այցելած վարչապետին՝ ներկայացնելով գերատեսչության ընթացիկ տարվա գործունեության հաշվետվությունը: Ներկայումս գործող ավելի քան 1000 ձկնաբուծարանների մոտ 20-25%-ն է աշխատում ջրի վերադարձի համակարգով:
Նշվել է, որ 2020-2021թթ. իրականացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների փաստացի վիճակի ուսումնասիրություն, որի հիման վրա այս տարի արգելվել է Արարատյան դաշտում նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե, իհարկե, ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ:
Անդրադառնալով կլիմայի ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավարությունների կատարմանը՝ պատասխանատուները նշել են, որ մշակվել է «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի մինչև 2050 թ․ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունը:
Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Առաջիկայում կամրագրվեն մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից նորմերը: Ընդգծվել է, որ շարունակվում են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների խթանմանն ուղղված միջոցառումները: ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման մասով ԱԱՀ արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
Ընթացիկ տարում մշակվել է «ՀՀ անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և 2023-2032 թվականների գործողությունների ազգային ծրագիրը», որը ներկայում քննարկման փուլում է:
Մշակման փուլում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրինագիծը: Այս համատեքստում կարևորվել է ոչ միայն վաճառքի արգելումը, այլ նաև Հայաստանում դրանց արտադրության և մեր երկիր վերջիններիս ներմուծման արգելման ուղղությամբ քայլերի իրականացումը:
Նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղադրել ամպրոպ տեղորոշիչ սարք: «Շիրակ» օդանավակայանում ևս կտեղադրվի վազքուղու 02 շեմի նոր գերժամանակակից օդերևութաբանական կայան:
Զեկուցվել է, որ «Դիլիջան» ազգային պարկի եղջերուների բազմացման կենտրոնից բնություն է բաց թողնվել ազնվացեղ եղջերուների առաջին խմբաքանակը: Արդյունքում՝ բնության մեջ անհետացած համարվող կենդանին այլևս վերադարձել է իր բնական ապրելավայր:
2022 թվականից տարեկան 2 անգամ Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում իրականացվում է ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում: Վերջնական հաշվետվությունը կներկայացվի միչև դեկտեմբերի 15-ը, ինչն էլ հիմք կհանդիսանա հաջորդ տարվա արդյունագործական ձկնորսության չափաքանակների սահմանման համար: Տեղեկացվել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Սևանա լիճ է բաց թողնվել 15 500 հատ ամառային իշխան, 163 000 հատ գեղարքունի իշխան:
Անդրադարձ է կատարվել նաև անտառվերականգնողական աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այս տարվա ընթացքում աշխատանքներն ընդգրկել են 130 հեկտար տարածք:
Վարչապետը կարևորել է վերը նշված ուղղություններով իրականացվող ծրագրերն ու դրանց արդյունավետ իրականացումը:
Ընդգծել է Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը, միաժամանակ շեշտել հանրային լողափերի գործունեության առնչությամբ հստակ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով անտառների վերականգնման ուղղությամբ քայլերին՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մշակել և ներկայացնել հստակ ճանապարհային քարտեզ, որտեղ ըստ տարիների նկարագրված կլինեն անելիքներն ու դրանց ծավալները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:
Հեղինակ` Աննա Զախարյան