Թուրքիայի պաշտպանության նախարարը Ադրբեջանում հետևել է «Եղբայրական բռունցք» թուրք-ադրբեջանական զորավարժության ընթացին: Հուլուսի Աքարը վարժանքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան ու Ադրբեջանը երկու եղբայրական երկրներ են:
Նրա խոսքով՝ ցանկացած սպառնալիքի և վտանգի դեպքում, տխրության և ուրախության ժամանակ երկու երկրները միասնական են, ինչին աշխարհն ականատես եղավ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում:
«Ամբողջ աշխարհին ցույց ենք տվել թյուրքի հզորությունը»,- շեշտել է նա:
Հուլուսի Աքարի խոսքով՝ ԵՄ գլխավորությամբ բազմաթիվ միջազգային կառույցներ սկսել են պատվիրակություններ ուղարկել տարածաշրջան՝ Հայաստանին պաշտպանելու համար: Նա նախազգուշացրել է՝ Թուրքիան Ադրբեջանի կողքին է:
«Եվս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի հետ մեկ բանակ, մեկ բռունցք կարող ենք լինել: Անկախ նրանից, թե Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ սպառնալիքը որտեղից և ումից է գալիս, մենք կընդունենք, որ այն ուղղված է երկու երկրի դեմ էլ: Մեր բարեկամին որպես բարեկամ կընդունենք, թշնամուն էլ՝ որպես թշնամի»,- նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Աքարը հավելել է, որ տարածաշրջանը կարիք ունի զարգացման, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի և բարեկամական հարաբերությունների վրա կառուցված ապագայի, այլ ոչ թե ապագայի, որը կառուցված է հակամարտության, ատելության և թշնամանքի վրա: