Պեկինի քաղաքային իշխանությունները դեկտեմբերի 6-ից մեղմացրել են COVID-19-ի պատճառով գործող մի շարք սահմանափակումներ։ Այժմ Չինաստանի մայրաքաղաքում անհրաժեշտ չէ ներկայացնել թեստի բացասական պատասխան՝ սուպերմարկետներ, առևտրի կենտրոններ, որոշ հասարակական վայրեր մուտք գործելիս. բավական կլինի հատուկ հավելվածում սկանավորել QR կոդը։
Մշտական բնակիչների համար վերացվել է նաև բնակելի համալիրներ մուտք գործելիս ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը՝ փոխանցում է Reuters-ը։
ՊՇՌ թեստի բացասական պատասխանը դեռևս անհրաժեշտ է ինտերնետ սրճարաններ, բարեր, գիշերային ակումբներ, շոգեբաղնիքներ, կարաոկե ակումբներ, մարզադահլիճներ, սննդի կետեր մուտք գործելու համար: Թեստը պետք է հանձնված լինի ոչ ուշ, քան 48 ժամ առաջ: