Կիևը և Քիշնևը պայմանավորվել են ստեղծել երկկողմ խումբ՝ Եվրամիությանն ինտեգրումը համակարգելու համար՝ հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը՝ ամփոփելով Մոլդովայի կառավարության ղեկավար Նատալյա Գավրիլիցայի այցի արդյունքները։
«Այսօր մենք ձեռք ենք բերել մի շարք կարևոր պայմանավորվածություններ: Մենք ստեղծում ենք երկկողմ աշխատանքային խումբ՝ ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի ինտեգրումը համակարգելու համար»,- նշել է Շմիհալը:
Նա հավելել է, որ Ուկրաինան և Մոլդովան շարունակում են վերացնել վարչական և ընթացակարգային արգելքները մարդկանց և ապրանքների տեղաշարժի համար, ինչպես նաև նախատեսում են մինչև հաջորդ տարվա կեսը համաձայնագիր ստորագրել ընդհանուր սահմանին Դնեստրի վրայով ավտոմոբիլային կամրջի կառուցման մասին: Կողմերը նաև պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը Ուկրաինա-Մոլդովա-Ռումինիա եռակողմ ձևաչափով։
Ուկրաինայի վարչապետի խոսքով՝ Կիևը և Քիշնևը պայմանավորվել են համագործակցել հակաօդային պաշտպանության հարցերում: