Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքները քննարկելու անհրաժեշտության մասին իր հայտարարության արձագանքները, կոչ արել՝ «տարաձայնություններ չփնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան»:
«Ես միշտ ասել եմ, որ ի վերջո կլինեն բանակցություններ, և կբարձրացվի Ուկրաինայի տարածքների հարցը. դա պետք է լուծեն ուկրաինացիները։ Կլինեն նաև հավաքական անվտանգության հարցեր ողջ տարածաշրջանում։ Ես դրա մասին խոսում եմ հենց սկզբից, և այդ ուղղությամբ աշխատում ենք փետրվար-մարտ ամիսներից»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Ավելի վաղ Մակրոնը TF1 հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ անվտանգության ապագա եվրոպական ճարտարապետությունը պետք է երաշխիքներ նախատեսի Ռուսաստանի համար: Այդ հայտարարությանը բացասաբար են արձագանքել Ուկրաինայում, ինչպես նաև Բալթյան երկրներում և եվրոպական այլ երկրներում։ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ էր արել չշտապել Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների քննարկման հարցում և հայտարարել էր, որ անհրաժեշտ է առաջին հերթին քննարկել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները: