Ուկրաինայի իրադրությունը, ամենայն հավանականությամբ, կկարգավորվի Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների և դիվանագիտության միջոցով։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը The Wall Street Journal թերթի համաժողովում։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության կողմնակից է, այլ ոչ թե «ֆիկտիվ զինադադարի»։
Պետքարտուղարը տեղեկացրել է, որ քննարկվում է Ուկրաինայի հարցով «ինչ-որ միջազգային տրիբունալի ստեղծման» հարցը:
«Տեղի ունեցածի համար պատասխանատվության հարցը շատ կարևոր է: Ես չեմ ցանկանում նախապես ասել, բայց կարևոր է, որ տեղեկատվությունը հավաքվի, և Ուկրաինան անհրաժեշտության դեպքում կարողանա պատասխանատվության ենթարկել այս իրադարձությունների համար: Մենք նաև աջակցում ենք միջազգային քրեական դատարանի ջանքերին՝ ապացույցներ և տեղեկատվություն հավաքելու համար: Քննարկումներ են ընթանում ինչ-որ անկախ դատարանի, տրիբունալի հիմնադրման մասին։ Այս հարցը սեղանին է»,- ասել է Բլինքենը:
Ռուսաստանի արտգործնախարարությունը ավելի վաղ վրդովմունք էր հայտնել արևմտյան երկրներում Ուկրաինայի իրադարձությունները հետաքննելու համար տրիբունալ ստեղծելու ծրագրերի կապակցությամբ: Գերատեսչությունում հայտարարել էին, որ նման քաղաքականությունը երկակի ստանդարտների կիրառման օրինակ է: