Ծննդկանի մահվան ևս մեկ դեպք, այս անգամ՝ Հանրապետական հիվանդանոցում: 21-ամյա կինը բնական ճանապարհով որդի է ծննդաբերել:
Ինչպես բժիշկները, այնպես էլ տուժող կողմի փաստաբանը նշում են, որ աղջիկը հղիության 9 ամսում լուրջ խնդիրներ չի ունեցել, ծննդաբերությունն էլ լավ է ընթացել:
Հանրապետական ծննդատան բժիշկ-գինեկոլոգ Նարեկ Շահբազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչև հետազոտությունների ամբողջական պատասխանները չլինեն, հնարավոր չի լինի հստակ եզրակացնել, թե ինչ պատճառով է գրանցվել դեպքը, բայց թե ինչպիսին է եղել ընթացքը՝ պատասխանեց:
Նարեկ Շահբազյան (Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի բժիշկ-գինեկոլոգ) - Ամեն ինչ նորմալ է եղել, մենակ 2-րդ եռամսյակում պառկել է մեզ մոտ, հղիության պահպանման բուժում է ստացել, բայց ոչ մի անալիզի շեղում չի ունեցել:
Փաստաբանի խոսքով՝ ծննդաբերության հաջորդ իսկ օրվանից կինը բողոքել է առողջական վիճակից՝ հատկապես նշելով որովայնի, ոտքերի ցավը։ Բժիշկները վստահեցրել են, որ հետծննդյան շրջանում դա նորմալ է և ցավազրկող են ներարկել կնոջը: Բժիշկը վստահեցնում է, որ կինը ցավեր ունեցել է միայն 3-րդ օրը:
Արթուր Պիվազյան (տուժող կողմի փաստաբան) - Նոյեմբերի 27-ին աղջկա վիճակը կտրուկ ավելի է վատանում, ու նույնիսկ ցավազրկողները չեն օգնում: Գինեկոլոգն ասում է՝ նյարդաբանի անհրաժեշտություն կա, կիրակի է, ես չեմ կարող կանչել, եթե դուք կարող եք՝ կանչեք: Աղջկա հարազատները «Արմենիա» բժկական կենտրոնից նյարդաբան են հրավիրում, որը ցուցում է՝ յամեր հետազոտություն անեն, հետո գինեկոլոգը ասում է, որ իրենք էլի հնարավորություն չունեն, տանում են «էրեբունի», յամեր անում:
Նարեկ Շահբազյան - Ցավեր է ունեցել, որի համար հրավիրվել են համապատասխան մասնագետները, հետազոտություններն արվել են. ՄՌՏ, ԿՏ հետազոտություն, ամենը կազմակերպվել է:
Հետազոտության պատասխանները ուսումնասիրելուց հետո միայն ծնունդ ընդունած բժիշկ Շահբազյանը որոշում է կայացնում կնոջը տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հրավիրվում է կոնսիլիում:
Նարեկ Շահբազյան - Եկել են բոլոր լավագույն մասնագետները առավոտյան, բոլոր տարբեր մասնագետները, ու նրանք գրել են, գրառումները կան, ուղղակի դրանից ավել չեմ կարող ասել: Բոլոր մասնագետներն իրենց գրառումները արել են:
Հիվանդանոցում հարազատներին մինչև օրս անհայտ մի շարք հետազոտություններ են արվում, ինչից հետո յուրաքանչյուր բժիշկ հիվանդասենյակից դուրս գալով հայտնում էր, որ իրենց մասով ամեն ինչ նորմալ է: Խնդիր չեն տեսնում:
Արթուր Պիվազյան - Դրանից հետո մոտ 1-2 ժամ բժիշկներով որոշում են, թե որ բաժանմունքում պետք է պառկի, ու որոշում են, որ պետք է պառկի վերակենդանացման բաժանմունքում:
Փաստաբանի խոսքով՝ աղջկան բուժող գինեկոլոգը հարազատներին վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է, հորդորել գնալ տուն և միայն առավոտյան վերադառնալ։ Արդեն առավոտյան Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բժիշկը նրանց տեղեկացրել է, որ աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, որ նրանց բացակայության ընթացքում աղջկա մոտ սրտի կանգ է արձանագրվել, որը վերականգնվել է, սակայն այժմ կրկին կյանքի համար են պայքարում, աղջկան արհեստական շնչառություն է միացված։ Ժամեր անց հարազատներին հայտնել են՝ ծննդկանը մահացել է։ Բժշկական եզրակացությունում որպես մահվան պատճառ նշվել է՝ սեպսիս, սեպտիկ շոկ, լյարդ-երիկամային ու պոլիօրգանային անբավարարություն: Հետաքրքրվեցինք, թե ինչ դեղորայք է նշանակվել կնոջ վիճակը սրվելուց հետո:
Արթուր Պիվազյան - Նորպազա, նորադրենալին, ալբունորմ, գլյուկոզա, դոպամին: Էն տեղեկանքը, որը որ տվել են, հենց վառ վկայում է, որ արյան վարակ կարող է լինել: էն դեղորայքը, որ հարազատներից պահանջել են աղջկա համար, և էդ դիագնոզը, որը որ նշել է, վկայում է, որ բժիշկները կասկածել են արյան վարակի մասով, ու դեղորայքը դրա համար է նախատեսված:
Բժիշկ Շահբազյանը հստակեցրեց՝ նշված դեղորայքը նշանակել են «Արմենա» ԲԿ-ի մասնագետները, այլ մանրամասներ ներկայացնել չի կարող, մինչև չլինի դատաբժշկական փորձաքննության պատասխանը: «Արմենիա» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքից մեզ մի քանի անգամ հորդորեցին ավելի ուշ զանգահարել և, ի վերջո, այդպես էլ մեր հարցերին չպատասխանեցին:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ի դեպ, ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ վերջին 20 տարում մայրական մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2021 թ.: Միայն մեկ տարում Հայաստանի Հանարպետությունում 15 ծննդկան է մահացել: